Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը՝ ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` 400 հազար դրամ տուգանքի չափով:

Հարկ է նշել, որ վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել և արձանագրվել են իրավախախտման 26 դեպքեր, որոնցից 16-ը զուգակցվել են քանդման աշխատանքներով:

Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի, ապօրինաշինությունը կրկնելու պարագայում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված աշխատակարգով, միաժամանակ հորդորում՝ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ, օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:




Լրահոս