Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ադրբեջանին ՇՀԿ երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին Հուշագիր են ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հուշագիրը ստորագրվել է Պեկինում ՇՀԿ շտաբ բնակարանում:
«Այսօր Ադրբեջանը ՇՀԿ երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ ստացավ: Մեզ համար մեծ պատիվ է: Մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ., երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական նամակ հղեց ՇՀԿ-ին: Այսօր ստորագրված փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռնի երկխոսություն սկսել կարևոր և հետաքրքիր գործունեություն ծավալող նման կազմակերպության հետ»,-ասել է Մամեդյարովը:
ՇՀԿ լիիրավ անդամներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Դիտորդական կարգավիճակ ունեն՝ Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս ամիս երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ են պատրաստվում ստանալ Հայաստանն ու Նեպալը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան