
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախօրեին ստեղծված անախորժ մթնոլորտը, կարծես, վերանում է: Ինչպես հայտնի է, երեկ վաղ առավոտից քաղաքում անհանգիստ վիճակ էր, քանի որ տաքսու վարորդին ծեծելու հետևանքով Վարդենիս-Երևան երթուղու աշխատանքը կաթվածահար էր եղել:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքում մեծ ճանաչում ձեռք բերած Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ տաքսու վարորդ Արման Խչեյանին: Վերջինիս գործունեությունը գծատերերին մտահոգվելու տեղիք էր տվել. ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղևոր էր խլել:
Հայտնել էինք նաև, որ Արթուր Սարգսյանը՝ նույն ինքը՝ Ֆառը, գիտակցելով, որ ազատամարտիկների ցասումը կարող է իր համար թանկ արժենալ, ստեղծված իրավիճակից խաղաղ ելքեր է փնտրել: Եվ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ կեսգիշերն անց, Ֆառը որդու և թիկնապահների հետ Երևանից Գեղարքունիք է այցելել՝ հանդիպելու Արման Խչեյանին: Հանդիպման ընթացքում Ֆառը նախ հրապարակային սաստել և նախատել է ծեծի հեղինակ թիկնապահներին, ապա վերջիններս ներողություն են խնդրել վարորդից՝ խոստանալով, որ այլևս նման համարձակություն չեն դրսևորի ու խնդրել են մոռանալ անցած-գնացածն ու «բարիշել»:

ArmLur.am-ը կապ հաստատեց ազատամարտիկի որդու հետ՝ այլ մանրամասներ իմանալու համար: Արման Խչեյանն ասաց, թե. «Ինչ եղել-եղել է: Ամեն ինչ անցավ-գնաց, թեման փակվեց, նորմալ է»: Այսպիսով, վարորդը բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանություն: ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալը, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը բոլոր ուժերը կենտրոնացրել էին Վարդենիսում, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգար: Իսկ ի՞նչ է արել Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանը, արդյոք նա համարձակություն կունենա՞ դեպքին իրավական ընթացք տալու: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում՝ չմանրամասնելով ինչի հիման վրա:

Թերևս, մեր հրապարակումներներն են առիթ հանդիսացել նյութերի նախապատրաստման: Սակայն բոլորի համար ակնհայտ է՝ սա լինելու է հերթական չբացված և անպատիժ մնացած դեպքը: Բանն այն է, որ ArmLur.am-ի տեղեկություններով, ոստիկանապետն արդեն իր վերադասին ստեր է զեկուցել` սովորության համաձայն` ասելով, թե հարբեցողների կռիվ է, ի՞նչ ազատամարտիկ: Թերևս այս կերպ նա փորձում է մեղմացնել իրավիճակն ու իր անկարողությունը` Ֆառի դեմ դուրս գալու: Եվ այս ամենից մի հետևության կարելի է հանգել. Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի մոտ ավելի հեշտ «գործ սարքելն է» ստացվում, քան հանցագործություն բացահայտելն ու օրինախախտներին պատժելը: Ակնհայտ է, որ Արմանը վնասվածքներով շրջում է քաղաքում, սակայն ոստիկանապետը ո՛չ տեսնում, ո՛չ էլ` լսում է: Նա միայն շարքային քաղաքացիների նկատմամբ կարող է ուժ բանեցնել: Մենք կհետևենք այս գործի ընթացքին: