Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ: Մինչեւ վերջերս թվում էր, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը ընթանալու է իշխանությունների հովանավորությունը վայելող չորս խմբերի միջեւ: Դրանք են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն կենացները գնալով քաղցրանում են: Նախ` հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ առաջին անգամ գյումրեցիներն իրենց քաղաքապետին ուղղակի չընտրեն: ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Գյումրիում եւս, ինչպես Երեւանում, կընտրվի ավագանի, որի մեծամասնությունն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Օրերս էլ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հնարավոր է, նույնպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի: Սակայն ընտրությունների ձեւի փոփոխությունը նրա ծրագրերը լրջորեն վտանգել է: Նոր կարգի համաձայն` ավագանու ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները` ավագանու անդամների թեկնածուների իրենց ցուցակներով: Այսինքն՝ եթե նախկին նախարարը որոշի այնուամենայնիվ ընտրություններին մասնակցել, ապա նա ստիպված է լինելու ընդգրկվել իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններից մեկում եւ նրանց ցուցակով մասնակցել ընտրություններին: Արդյոք նա կգնա այդ քայլին, ցույց կտա ժամանակը:
ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը տասը տարի առաջ` 2002-ից մինչեւ 2006 թվականը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել է նախագահականի կադրերի վարչության պետը: «Ժողովուրդ» այդ տարիների մամուլի հրապարակումներից հետաքրքիր իրողություններ պարզեց: Եւ այսպես, 2006 թվականին հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանին հանձնարարել է մեկնել Արցախ: Գործուղման ձեւակերպումը եղել է Հովսեփյանի պարտականությունը, սակայն նա դա չի արել: Արցախից վերադառնալուց հետո գործուղման հետ կապված Իսագուլյանի եւ Հովսեփյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է նրանով, որ կադրերի վարչության պետը ծնոտին հարված է ստացել: Նա արյունոտված գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ բողոքել Իսագուլյանից: Ի վերջո, ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանը թերացել է իր պարտականություններում, ինչի համար Հովսեփյանն աշխատանքից ազատվել է:
«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ռուսական կողմը ՀՀ իշխանություններին առաջարկել է «օգնել» նախաքննության գործում: 2004թ. նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները ներկայացնող փաստաթղթում նշված է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հպարտացել իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերություններով: Նա պատմել է, որ Պուտինի հետ շփվել է դեռ այն ժամանակ, երբ նա եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը: Սերժ Սարգսյանը երանությամբ հիշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն իր հանդեպ այնքան ջերմ է եղել, որ անգամ գրկախառնվել են:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ նրա կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հայտարարագրերից դատելով` խորհրդարանի խոսնակի «տունը պահողը» ընտանիքի մայրն է: Բանն այն է, որ Աղաբաբյանի եկամուտներն ամուսնու վաստակածից ավելի քան կրկնակի ավել են: Այսպես՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 12 մլն 716 հազար դրամի եկամուտ, որից 357 հազարը եղել է նրա կենսաթոշակի, իսկ մնացածը՝ աշխատավարձի գումարը: Փոխարենը նրա կնոջ եկամուտները 2015-ին կազմել են 27 մլն 615 հազար դրամ, որից 1,3 մլն դրամը եղել է աշխատավարձը, կես միլիոնը՝ կենսաթոշակը: Մնացած մոտ 26 մլն դրամը ԱԺ նախագահի կինը ստացել է որպես շահաբաժին: Այսինքն՝ ի տարբերություն ամուսնու, նա նաեւ հաջողակ գործարար է եւ գիտի, թե որտեղ գումարները ներդնի, որպեսզի դրանք եկամուտ բերեն: Իրականում, սակայն, ինչպես մնացած պաշտոնյաների դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բիզնեսները կնոջ անունով գրանցելու փաստի հետ, քանի որ հակառակ դեպքում օրենսդրության հետ խնդիրներ կարող էին առաջանալ:
ԱՆԿՈՒՄԱՅԻՆ
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակել է ամենամսյա տնտեսական տեղեկագիրը, որում Հայաստանի հետ կապված կանխատեսումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Ըստ ՀԲ-ի` մեր երկիրն այս տարի կունենա ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ, ինչը անգամ նախորդ տարվա համեստ ցուցանիշից` 3 տոկոսանոց աճից էլ պակաս է:
Իհարկե, ՀԲ-ի այս կանխատեսումը նորություն չէ, այդ մասին այս կառույցի ներկայացուցիչները հայտարարել էին դեռեւս անցած տարեվերջին` 2016թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ, պարզապես արդեն այս տարվա առաջին եռամսյակի իրողությունները նկատի առնելով՝ ՀԲ-ի այս կանախատեսումն առավել հիմնավոր է եւ, փաստորեն, այն վատագույնն է անցած հինգ տարիների համար: Նշենք, որ 2010թ-ից ի վեր ամենացածր տնտեսական աճն արձանագրվեց նախորդ տարի, եւ եթե ՀԲ-ի այս կանխատեսումն իրականանա, դա կնշանակի, որ Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով գնում է դեպի ճգնաժամ:
Անշուշտ, մեր տնտեսությունն անցած տասնամյակում անհամեմատ ավելի վատ ցուցանիշ է ունեցել` 14 տոկոսանոց անկում, սակայն դա համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում էր, որը, չնայած Տիգրան Սարգսյանի` մասնագիտական բացատրության չտրվող լավատեսությանը, այդպես էլ չշրջանցեց Հայաստանը: Մինչդեռ ներկայիս տխուր ցուցանիշներն արդեն բոլորովին այլ` ձեւավորված համաշխարհային տնտեսական իրավիճակին անհրաժեշտ արագությամբ եւ արդյունավետությամբ չադապտացվելու արդյունքում են, ինչն, ի դեպ, շատ ավելի վտանգավոր եւ երկարաժամկետ հետեւանքներ կարող է ունենալ:
Բայց որպեսզի առկա մարտահրավերներին օպերատիվ եւ էֆեկտիվ արձագանք տրվի, անհրաժեշտ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը դա համարի իր առաջնային խնդիրը, մինչդեռ մեզանում թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը կարծես թե առավելապես զբաղված են սեփական դիրքերի ամրապնդման խնդիրներով, եւ հատկապես վերջինն այսօր, թերեւս, մտահոգության ավելի մեծ առիթներ ունի, քան ՀԲ-ի վատ կանխատեսումն ու տնտեսական ցուցանիշների անկումը:
Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը, ով դեռեւս 2013թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, թե այն կառավարությունը, որն առաջիկա տարիներին չապահովի առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, փետրվարի 12-ի իր ծրագրային ելույթում անուղղակիորեն կրկնեց իր այդ զգուշացումը. «Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաներ, այլ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք, սա որեւէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»,-հայտարարեց Սարգսյանը: