ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ում ծայր առած լարվածությունը կարծես թե թուլանալու միտումներ չի արձանագրում: Ընդ որում, դրանք կապված են ոչ միայն իշխող ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմել-չկազմելու հարցի հետ, այլեւ ֆինանսական լուրջ խնդիրներով են պայմանավորված: Այստեղ ամեն րոպե կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել:

«Ժողովուրդ»-ը իր նախորդ համարներից մեկում անդրադառնալով այս խնդրին, նշել էր, որ ֆինանսական ոչ այնքան լավ պայմաններով պայմանավորված, հնարավոր է, որ առաջիկայում ԲՀԿ-ական մի շարք տարածքային կառույցներ փակվեն: Շատ կառույցներ արդեն իսկ փակվել են օպտիմալացիայի հիմքով: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ում տարածքային կառույցների ֆինանսավորմամբ զբաղվող, ԲՀԿ փոխնախագահ, համանուն խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, դժվար չէ ասել: Բանն այն է, որ Մանուկյանը կողմ լինելով իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցին՝ ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Զոհրաբյանի նկատմամբ կուսակցության շարքերում անվստահություն սերմանի եւ «գահընկեց» անի: Եւ վերջին շրջանում ԲՀԿ տարածքային կառույցներում առկա ճգնաժամի ձեւավորման մեջ կարծես թե Աբրահամ Մանուկյանի «մատը խառն է»: Նա անգամ կուսակցական ժողովներ է անում առանց Զոհրաբյանի:
Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թեեւ չէր հերքել, բայց եւ չէր հաստատել այս փաստը: «Ա. Մանուկյանը եւ ես կարող ենք ունենալ եւ ունենք տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, ու դա եւս միանգամայն բնական է, եւ ես այդտեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում»,-ասել էր նա:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ֆինանսական հարցերով պատասխանատու Աբրահամ Մանուկյանին:
-Պարո՛ն Մանուկյան, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայումս ԲՀԿ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, ինչի արդյունքում հնարավոր է, որ մի շարք տարածքային կառույցներ փակվեն: Ի՞նչն է պատճառը:
-Նման տեղեկություններ ես չգիտեմ: Դրանք անհիմն են: Կուսակցական տարածքային գրասենյակները գործում են եւ գործելու են: Մենք հիմա մտածում ենք, որպեսզի տարածքային գրասենյակներն էլ ավելի ընդարձակենք, ավելացնենք, քանի որ պարզ պատճառ է լինելու` գնում ենք 2017 թվականի ընտրություններ:
-Սակայն մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ դժգոհություններ ունեն ֆինանսավորումից` նշելով որ տարածքային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի վճարումն ուշացվում է, հեռախոսահամարներն անջատվում են, ինտերնետը կտրում: Ինչո՞ւ:
-Այն տարածքները, որտեղ որ անձամբ ես եմ զբաղվում ֆինանսավորմամբ, աշխատավարձերը ամսի 5-ից ուշ չեն լինում: Եւ չեմ էլ կասկածում, որ այն տարածքներում, որտեղ որ ֆինանսավորմամբ զբաղվում է Վարդան Վարդանյանը, ուշանում են:
-Պարո՛ն Մանուկյան, նշվում է, որ Դուք անձամբ լինելով մի շարք տարածքային կառույցների ֆինանսավորողը՝ գումարները միտումնավոր չեք հասցնում կառույցներին, որպեսզի դժգոհությունը ուղղորդեք դեպի ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասով ի՞նչ կասեք:
-Նման բաներ չկան: Դրանք լրիվ սուտ են, հերյուրանքներ են: Այդ ֆինանսավորվողներից մեկն էլ ես եմ: Դուք ինչի՞ մասին եք խոսում: Դրանից պատասխան է չէ՞ գալիս…
-Չե՞ք կարծում, որ վերջերս ԲՀԿ-ում անառողջ մթնոլորտ է: Ինչի՞ հետ է կապված:
-Տարաձայնությունները միշտ էլ կլինեն, լինելու են, քանի դեռ կուսակցությունը հստակ իր ապագայի ճանապարհացույցը չի կազմել:
-Ո՞րն է ճանապարհացույցը, միայն իշխանական կոալիցիա՞ն: Վերջերս Վահան Բաբայանն էլ հրաժարական տվեց… Էլի՞ կլինեն պառակտման դրսեւորումներ:
-Երբ տեղի է ունեցել հանդիպում, որից բխել է Վահան Բաբայանի հրաժարականը, ես հանրապետությունում չեմ եղել: Բայց վերադարձել եմ, տեղեկացել եմ, որ դա կոալիցիա մտնել-չմտնելու հետ որեւիցե կապ չունի: Տարբեր սայթերում գրում են, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, դրա համար մամլո խոսնակը պաշտոնից հրաժարվեց: Բաբայանը շատ ավելի բարձր պաշտոն ունի` ԲՀԿ-ի քարտուղարն է: Եւ պատճառը 100 տոկոս դա չի: Վահան Բաբայանը միայն հրաժարվել է մամուլի խոսնակ լինելու պարտավորությունից, ոչ թե կուսակցության քարտուղար լինելուց: Բաբայանը շատ լավ արդարացնում էր նաեւ այդ գործը` համատեղելով…

 

 

 

 

ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՐԵՔԱԿԱՆ ՄԱՐԴ ՈՒՆԵՆԱԼԸ ՎԱՏ ԲԱՆ ՉԷ

Դեռեւս փետրվարի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տեղի ունեցավ «6000 վստահված անձ» նախագծի կայքի շնորհանդեսը: Այդ նախագծով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախատեսվում է ընտրատեղամասերում 6000 ներկայացուցիչ ներգրավել` ընտրակեղծիքները բացառելու եւ ողջ գործընթացը լավագույնս վերահսկելու նպատակով:

Սակայն ընտրական նոր օրենսգրքի նախագծի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ ընտրատեղամասերում յուրաքանչյուր կուսակցության կողմից ներգրավված մարդկանց թիվը պետք է լինի մեկական, այսինքն՝ ընդհանուր առմամբ նրանց թիվը պետք է հասնի 2000-ի:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, հրապարակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով որոշակի սահմանափակումներ են նախատեսված ինչպես ըտրատեղամասերում դիտորդների թվի, այնպես էլ նրանց եւ վստահված անձանց գործունեության հետ կապված: «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում էր առաջիկա ընտրությունները վերահսկել դիտորդական ակտիվ ներգրավվածության շնորհիվ, սակայն այս տեսքով ընտրական օրենսգրքի ընդունման դեպքում դա, կարծե թե, հնարավոր չի լինի:
-Չէ, հնարավոր կլինի, դա չի խոչընդոտելու: Որովհետեւ խոսքը ոչ թե վստահված անձանց մասին է, այլ քվեապահների: Այսինքն՝ մենք նախատեսում ենք ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում երեքական մարդ լինեն` որպես քվե, ձայն պահող, որոնք կարող են լինել մեկը մյուսին փոխարինելով, կարող են լինել լրագրողի կարգավիճակով, դիտորդի, հանձնաժողովի անդամի… Նախատեսում ենք, որպեսզի մարդ լինի, որ մեր արձանագրությունը ուղարկի նախընտրական շտաբ կամ խախտման հետ կապված որեւիցե բան արձանագրի, որ հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ այդ ընտրատեղամասում որեւիցե անօրինական գործողություն է կատարվել: Օրինակ՝ լրագրողը, որը կարող է ընտրատեղամասում լինել, իրավունք ունի ֆիքսել, թե ոնց են լցոնում կատարում, կամ, օրինակ, ոնց է մեկը բողոքում, որ իր տեղը քվեարկել են, եւ սա համատարած բնույթ է կրում: Դրա մասին է խոսքը: Եւ այս դետալները, թե ով ոնց կանի, ինչ կանի, ոնց կստացվի, մենք արդեն կորոշենք, երբ որ նոր ընտրական օրենսգիրքը քննարկումները կանցնի եւ կընդունվի, եւ ամեն ինչ արդեն պարզ կլինի:
-Դուք նշում եք կոնկրետ 6000 թիվը: Արդյո՞ք Ձեզ կհաջողվի ընտրատեղամասերում այդ քանակությամբ քվեապահների ներկայություն ապահովել: Հնարավոր է, որ Ձեր պլաններից հրաժարվեք:
-Համաձայնեք, որ թե՛ հին օրենսդրությամբ, թե՛ նորով վնաս չկա, եւ որեւիցե մեկը չի կարող ասել, որ ընտրատեղամասում աշխատող առնվազն երեքական մարդ ունենալը կամ երկու մարդ ունենալը վատ բան է: Մենք մեր պլաններից այս պահի դրությամբ հրաժարվելու որեւիցե պատճառ եւ առիթ չենք տեսնում: Միգուցե հնարավոր է՝ պարզվի, որ մեզ ոչ թե 6000 է պետք, այլ 8000 կամ 3000… Բայց այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6000-ի վրա, եւ չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ բան կլինի, որը մեզ կստիպի վերանայել ընտրատեղամասերում մարդ ունենալու թիվը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ
Նախօրեին «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Խանջյան փողոցում մի խումբ քաղաքացիներ հավաքված քննարկում են իրենց հետագա ճակատագիրը: Ինչպես պարզվեց` հավաքվածները «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերն էին: Հիշեցնենք, որ 2015 թ. փետրվարի 16-ին «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իր առանձնատանն ինքնասպանություն էր գործել: Վերջինս հայտնի գործարար էր եւ զբաղվում էր Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքեր կառուցելով ու վաճառելով: Նախկինում բազմիցս գրել ենք, որ գործարարը արդեն վաճառված բնակարանները գրավադրել էր: Ներկայումս ընկերության պարտատերերը պարբերաբար հավաքվում են եւ փորձում են պարզել, թե ինչպես է լուծվելու իրենց բնակարանների ճակատագիրը:

 

 

ՔՆՆՈՒԹՅԱՆ «ԿՌԻՎ»
«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկը 2015 թվականի նոյեմբերի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու փաստին: Այդ քրեական գործը հարուցվել էր «Կոշ» եւ «Արթիկ» ՔԿՀ-ների դատապարտյալների կողմից Ֆրանսիայից Հայաստան մեծ քանակությամբ թմրանյութ տեղափոխելու փաստի առիթով: Դատապարտյալները ինտերնետով պատվիրել եւ ստացել էին «բուպրենորֆին» տեսակի թմրանյութ, որը ի դեպ, չէին հասցրել իրացնել: Արդեն մի քանի ամիս է՝ այս քրեական գործը վերը նշված դատարանում քննվում է, սակայն օրերս նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Տեղեկացանք, որ գործի ընդդատության հետ կապված տարաձայնություն է առաջացել: Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ քրեական գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ասել կուզի` այս մի քանի ամիսների դատավարությունը ջուրն է լցվել, եւ այժմ ամեն ինչ պետք է նորից սկսվի:

 

 

«ՀԱՆՔԱՓՈՐԸ» ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անցած տարվա դեկտեմբերի 22-ին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է մարտի 18-ին: Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Վան Գրիգորյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանի տարբեր հանքավայրերում հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացրել: Սակայն որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Այն մինչ այժմ չի վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձերը: Չնայած «Գլոբալ գոլդը մայնինգ» ընկերությունը սնանկ է ճանաչվել, սակայն այդ ընկերության սեփականատերերը շարունակում են իրենց գործունեությունը «Մեգա գոլդ» ընկերության միջոցով, որը ներկայումս փորձում է կազմակերպել Թուխմանուկի հանքավայրի շահագործումը:




Լրահոս