Ո՞ՒՄ ԱՊՏԱԿԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԱՐՁԱՎ ՊԵԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի կենսագրության որոշ դրվագներ «Ժողովուրդ»-ի նախորդ համարներում ներկայացրել էինք: Բայց պարզվում է, որ բացի նրա կուտակած ահռելի հարստությունից՝ Հովսեփյանի անցյալը մի յուրօրինակ դրվագ էլ ունի. նրան 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը հեռացրել է ՀՀ նախագահի նստավայրից: Իսկ ո՞ւմ ապտակը ճակատագրական եղավ:

Նախ հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանը, որ եղել է Հովիկ Աբրահամյանի կադրը, 2002-2006 թվականն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը:
Ուսումնասիրելով այդ տարիների մամուլը՝ «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ 2006 թվականին՝ հերթական աշխատանքային խորհրդակցությունից հետո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է իր անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանին աշխատանքային այցով մեկնել Արցախ: Իսագուլյանը զանգահարել է կադրերի վարչության պետ Հովհաննես Հովսեփյանին, որպեսզի գործուղման ուղեգիր («կամանդիրովչնի») պատրաստի` մեկնելու համար: Հովսեփյանը պատճառաբանելով գերզբաղվածությունը՝ չի տվել Իսագուլյանին ուղեգիրը, ինչի արդյունքում նախագահի խորհրդականը Արցախ է մեկնել առանց պատշաճ գործուղման թերթիկի: Մի քանի օր անց՝ վերադարձից հետո, նա զանգահարել է Հովսեփյանին ու պահանջել միակողմանի կնիքված գործուղման թերթիկը պատշաճ կարգի բերել, բայց արդեն միանգամայն այլ տոնայնությամբ:
Իսագուլյանի դրսեւորած վարքը դուր չի եկել Հովհաննես Հովսեփյանին, եւ առաջացած անհասկացվածությունը հարթելու համար Հովսեփյանը գնացել է Իսագուլյանի աշխատասենյակ: Այստեղ երկու տաքարյուն տղամարդիկ բղավել են միմյանց վրա, Իսագուլյանը դուրս է եկել աշխատասեղանի մոտից` ընդառաջ գնալով իր դիմացի սեղանին հենված-կանգնած Հովսեփյանին: Եւ վերջինիս համար անակնկալ կերպով Իսագուլյանը արմունկով հարվածել է իրենից բարձրահասակ Հովսեփյանի դեմքին, ինչից հետո Հովսեփյանը անմիջապես դուրս է եկել աշխատասենյակից:
Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը շտապ իր մոտ է կանչել Իսագուլյանին, ով ճանապարհին արդեն տեղեկացվել է, որ իրեն աշխատանքից ազատում են: Երբ ներս է մտել, տեսել է Հովհաննես Հովսեփյանին նախագահ Քոչարյանի աշխատասենյակում` սպիտակ վերնաշապիկի առջեւի հատվածն ամբողջությամբ արյունոտված, իսկ դիմացը նստած է եղել Արմեն Գեւորգյանը: Հովսեփյանը դժգոհել է, որ Իսագուլյանն իրեն հենց իր աշխատասենյակում ծեծել ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Այստեղ Քոչարյանը լսել է կողմերին ու որոշել ծառայողական քննություն նշանակել, որպեսզի պարզի իրականությունը եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկին ազատի աշխատանքից: Բնական է՝ ՀՀ նախագահի նստավայրում նման մթնոլորտ ստեղծելն ու աշխատանքային այդպիսի հարաբերություններ ունենալը անհարիր է:
Եւ այսպես, ծառայողական քննությունը նշանակվել է, այն վարել է 2006-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը: Իրավիճակը երկար ու մանրազնին ուսումնասիրելուց հետո Գյուրջյանը Քոչարյանի սեղանին է դրել ուսումնասիրությունը` հայտնելով, որ Հովսեփյանը չի կատարել պաշտոնապես իրեն վերապահված պարտականությունները, դրսեւորել է պաշտոնյային ոչ հարիր կեցվածք: Ռոբերտ Քոչարյանն էլ որոշել է աշխատանքից ազատել Հովհաննես Հովսեփյանին պաշտոնի հետ անհամատեղելիության հիմքով:
Այսպիսով՝ Հովհաննես Հովսեփյանը աշխատանքից ազատվել է եւ այդ տարիներին աշխատել «Ալյանս» խորհրդատվական կենտրոնում: Այնուհետեւ նա 1 տարի գործազուրկի կարգավիճակով «գնացել-եկել է» «Ալյանս» խորհրդատվական կենտրոնում, մինչեւ որ Հովիկ Աբրահամյանը կրկին նրան գործի է դրել: Հովսեփյանը 2007-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական` ընդունելով Հանրապետական կուսակցության «կրոնը»:
«Ժողովուրդ»-ն, իհարկե, փորձեց երկու կողմերից էլ հետաքրքրվել անցած պատմության մանրամասների մասին:
Սակայն «Ժողովուրդ»-ին չհաջողվեց գտնել Հովհաննես Հովսեփյանին, վերջինիս հեռախոսը անջատված էր: Ավելին՝ նա անգամ մամլո խոսնակ չունի, որ կարողանայինք նրա միջոցով մեկնաբանություն ստանալ:
Զրուցեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հայաստանյան ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հետ, ով «Ժողովուրդ»-ին ասաց. «Անցած թեմաներ են, ես որեւէ բան մեկնաբանելու ցանկություն չունեմ»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԴՈՒՍՏՐԸ
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր` Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաեւ բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել է դատարան:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմում է դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված է լինում Լիա Հունանյանի հայցերը չընդունել վարույթ: Սակայն վերջինս որեւէ կերպ չի հանձնվում եւ տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմում է դատարան: Իսկ ո՞րն է պատճառը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով: Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն` առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ:
Տեղեկացնենք, որ այս գործով դատական նախնական նիստը նշանակված է մարտի 10-ին: Իսկ թե ինչի համար է գեներալ-մայորի դուստրը՝ Լիա Հունանյանը, դատի տվել կենտրոնին, փորձեցինք պարզել ԲԿ-ի բժիշկ Ա. Ղարիբյանից, սակայն վերջինս հրաժարվեց դատական պրոցեսի հետ կապված որեւէ պատասխան տալ՝ նշելով, թե դեռ քննություն է ընթանում:
Նշենք, որ Լիա Հունանյանը վերջին տարիներին մի քանի անգամ աչքի ընկավ աղմկալի դեպքերով: 2016 թվականի փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը հենց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լիան ոչ սթափ վիճակում է եղել: Ու բավական չէր, որ ալկոհոլի ազդեցության տակ բախվել էր էլեկտրասյանը, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին:
Բացի այդ՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանում՝ Մոսկովյան 23 շենքի դիմաց, նա դարձյալ վթարի մասնակից էր դարձել եւ դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ու թերեւս նրա պահվածքն էր պատճառը, որ ոստիկանությունում փորձեցին օր առաջ ազատվել Հովհաննես Հունանյանից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲԱՆՏԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԵԽ հրապարակած հետազոտության համաձայն` ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող կալանավորների թիվը ավելի բարձր է, քան եվրոպական միջին ցուցանիշն է: 2014թ-ին ՀՀ-ում եղել է 3979 կալանավոր, որը կազմում է 131,9 կալանավոր՝ 100 հազար բնակչի համար: Այս ցուցանիշը բարձր է ԵԽ միջինից, որն է 124 մարդ: 2005թ.-ից ի վեր այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ 87-ից հասնելով 131-ի: Կալանավորներից 4,8% կանայք են, որը համապատասխանում է ԵԽ միջին ցուցանիշին՝ 5 %: ԵԽ անդամ երկրներից Հայաստանում 5-ից 10 տարվա ազատազրկման դատապարտվածների թիվն ամենաբարձրն է՝ գրեթե 46,7%, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 2-րդ կալանավոր ստանում է 5-ից 10 տարվա ազատազրկում: Նշվում է, որ 2013թ.-ին ազատ է արձակվել 2531 կալանավոր, նույն տարում ՔԿՀ-ներում մահացել է 19 մարդ, որոնցից 2-ը ինքնասպան է եղել: Հետազոտության տվյալներով` 2013թ.-ին ՀՀ-ում բանտերի վարչարարության բյուջեն կազմել է 13,5 մլն եվրո, այսինքն` օրական 1 կալանավորի վրա ծախսվել է 9,3 եվրո, որը 5 անգամ ցածր է ԵԽ միջինից` 45 եվրոյից: Այս ցուցանիշն ամենացածրը Ուկրաինայում է՝ մոտ 2 եվրո:

 

ՆԱԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաեւ քրիստոնյա: Ժնեւում սիրիական ճգնաժամի լուծման աշխատանքները համակարգող ՄԱԿ-ի ենթաքարտուղար Նիկոլաս Միշելի եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի փոխանորդի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը: ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջարկով տեղի ունեցած հանդիպման նպատակն է եղել իմանալ Նորին Սրբության տեսակետը ճգնաժամի լուծման գործընթացում քրիստոնյա համայնքների մասնակցության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը մի քանի գործնական առաջարկություններ է արել Ժնեւում տեղի ունենալիք բանակցություններում համայնքային ներկայացուցիչների մասնակցության ուղղությամբ: Ներկաները համաձայնել են Արամ Առաջինի հետ, առաջարկել են այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակել:

 

ՊԱՊԻ ՆՎԵՐԸ
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկե տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության եւ հաղորդության: Հայ կաթողիկե առաջնորդարանի մամլո դիվանից տեղեկացնում են, որ քարը Սրբազան Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին: Գրված է, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի, եւ որպես մասնակցություն հոգեւոր շնորհների հոբելյանական տարվա»: Խորհրդանշական քարը կզետեղվի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին:

 

ԲԱՐՁՐԱՑԵԼ ԷՐ ԱՐՁԱՆԻՆ
Մարտի 8-ին՝ ժամը 13.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ, ուստի անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քուռկիկ Ջալալին հեծնած քաղաքացուն փրկարարները իջեցրել են եւ ցուցաբերել հոգեբանական օգնություն:




Լրահոս