ՌՈՒՍՆԵՐԸ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ՆԵՐԳԱՎՎԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված սույն փաստաթուղթը ներկայացնում է 2004թ. նոյեմբերի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ այնժամ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր: Սերժ Սարգսյանը կարեւոր բացահայտում է արել` պնդելով, որ ինքը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ վերջինս էլ ժամանակին առաջարկել էր ռուսական կողմի աջակցությունը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության հարցում:

ՀՀ Պնախարարի ու ամերիկյան դիվանագետի միջեւ կայացած հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի շարք կարեւոր մեսիջներով: Սարգսյանը ամերիկացիների հետ համագործակցությունը կարեւորող գործչի տպավորություն է ստեղծել` անդրադառնալով Իրաքում հայկական խաղաղապահ ուժեր ուղարկելու հանգամանքին: Ըստ նրա՝ Հայաստանը, Իրաքում միջազգային կոալիցիային միանալով, հանդես է գալիս բացառապես իր շահերից: Սարգսյանը պնդում է, որ Հայաստանն ընդդիմանում է տեռորիզմին եւ իսլամական ծայրահեղականությանը, եւ հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցության պարագայում ինչպես կարող է Հայաստանը անմասն նմալ: Սերժ Սարգսյանը հավելել է, որ եթե իր ցանկությամբ լիներ, Հայաստանն ավելի մեծ մասնակցություն կունենար խաղաղապահ առաքելությանը, սակայն մի շարք օբյեկտիվ պատճառներով դա անհնար է: Սերժ Սարգսյանի համոզմամբ` Հայաստանը չունի բավարար թվով պատրաստված անձնակազմ, եւ երկրորդ հերթին էլ մեր երկիրն ինքն է մի ոտքով պատերազմի մեջ Լեռնային Ղարաբաղում: Վերջապես, Իրաքում խաղաղարար առաքելության համար վարձավճարը հինգ անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի սահմանները պահելու համար նախատեսված վճարը: Սարգսյանը նշել է, որ ԱԺ-ում ինքը հարց է բարձրացրել մեծացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը, ինչը խնդիրներ է առաջացնում առաջնակարգ զինտեխնիկա ձեռք բերելու համար: Հավանաբար 12 տարի անց Սերժ Սարգսյանին այլեւս նոր զինտեխնիկա պետք չէ, քանզի այլ կերպ չես կարող բացատրել ռազմական ծախսերի աստիճանական կրճատումը եւ դրա փոխարեն ոստիկանության ֆինանսավորման ավելացումը: Ի դեպ, Սարգսյանի մտահոգությունը, թե հայաստանյան զինված ուժերը 5 անգամ պակաս են վարձատրվում, միանգամայն տեղին է նաեւ այսօր: Միթե ոստիկանության շարունակական ուռճացումը մտահոգիչ հանգամանք չէ, երբ երկրում արտագաղթը գնալով ուժգնանում է` անմիջականորեն ազդելով բանակի համալրման վրա: Վերջապես, ընդդիմությանը ջախջախելու մոլուցքը հաղթահարելով` կարելի է բանակը արհեստավարժ դարձնելու լրջագույն ռեֆորմներ իրականացնել` զգալիորեն բարձրացնելով պայմանագրայինների աշխատավարձը եւ որոշակի ֆինանսական հատկացումներ անելով՝ նաեւ պարտադիր զորակոչայիններին: Հենց այստեղ է դրսեւորվում իշխանության գործունեության իրական գնահատականը, երբ Սերժ Սարգսյանի` 12 տարի առաջ բարձրացրած հարցերը ոչ միայն արդիական են, այլեւ դրանցում բացասական միտումներն էլ ավելի են խորանում: Իսկ Սարգսյանը դեռ զբաղված է ՕԵԿ-ով, «հակահեղափոխական» Դաշնակցությամբ եւ Վարդգես Գասպարիի խոշտանգումներով:
Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների խնդրին` Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ռուսաստանն իսկապես Հայաստանի ավանդական գործընկերն է: Սակայն Սերժ Սարգսյանը հաշվի է առել, որ ինքը զրուցում է ամերիկյան դեսպանի հետ, ուստի անմիջապես հավելել է, որ Ռուսաստանի ավանդական դաշնակցությունը, այնուամենայնիվ, չի կարող լուծել Հայաստանի անվտանգության բոլոր խնդիրները: Սարգսյանը փորձել է աշխարհաքաղաքական ասպարեզ դուրս գալ` շեշտելով, որ Հայաստանը մշտապես շահել է հատկապես Ռուսաստան-ԱՄՆ բարիդրացիական հարաբերություններից: Դեսպան Էվանսը ԱՄՆ Պետդեպի ուշադրությունն է հրավիրում Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի վրա: Վերջինս դիվանագետին հայտնել էր, որ ինքը բավականին քաջածանոթ է ՌԴ նախագահին դեռեւս ՀՀ ազգային անվտանգության նախարար եղած տարիներից: Սարգսյանի հավելմամբ` իրենց փոխգործակցությունը մեկնարկել է Պուտինի` ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարման օրերից: Սարգսյանը մանրամասնել է, որ նվազագույնը երկու հանդիպում է եղել պատվիրակությունների մակարդակով այդ տարիներին, եւ հատկապես Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ, Սարգսյանի բառերով՝ Պուտինը բավականին ջերմ է եղել, անգամ գրկախառնվել է իր հետ: Սարգսյանն ավելի է անկեղծացել` հայտնելով, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է օգնել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետաքննության հարցում, ինչին, սակայն, հայկական կողմը չի համաձայնել:
Եթե սույն զեկուցագիրը հրապարակված լիներ հենց ստեղծման օրերին, առնվազն տարակուսելի կլիներ ՀՀ Պնախարարի հրճվանքը Վ. Պուտինի գրկախառնության կապակցությամբ: Սակայն այսօր, հատկապես 2008թ. նախագահական ընտրություններում Պուտինի ցույց տված աջակցության պայմաններում, ինչի համար Սերժ Սարգսյանը վերջինիս նվազագունը 5 անգամ շնորհակալություն հայտնեց 2008թ. մարտի 24-ին, ամեն ինչ հասկանալի է: Խիստ ուշագրավ է այն, որ իշխանությունները նախընտրել էին չօգտվել ՌԴ աջակցությունից հետաքննության հարցում` ի հեճուկս նրա, որ ոճրագործությունից րոպեներ անց «ոգեւորությամբ» օգտվել էին «Ալֆա» ջոկատի աջակցությունից: Միով բանիվ, այսօր է միայն պարզվում, որ ՌԴ իշխանությունները պատրաստ են եղել ներգրավվելու 27-ի բացահայտման գործին: Դա Հայաստանի ներքին գործը համարելով հանդերձ` պետք է նկատենք, որ ցայսօր գործը մինչեւ վերջ բացահայտված չէ, թեեւ ըստ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի` Սերժ Սարգսյանը գիտի, թե ովքեր են կազմակերպիչները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է «ՆԱԻՐԻՏ-2»-Ի ԳՈՒՅՔԸ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 18-ից տեղի կունենա «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդը: Տեղեկացնենք, որ ընկերության կառավարման լիազորությունը վերապահված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:

Այսպես՝ ընկերությունը աճուրդի է հանել քիմիկատների պահեստ՝ առանց ավտոտնակների: Իսկ լոտի մեկնարկային գինը կազմում է 35 մլն դրամ: Բացի այս՝ աճուրդի է հանվել նաեւ օժանդակ շինություն, որի մեջ ներառված են ավտոտնակներ, իսկ դրանց մեկնարկային գինը 32 մլն դրամ է: Ընկերության գույքի աճուրդը կավարտվի այս տարվա հունիսի 1-ին: Ի դեպ, լոտերը տվյալ պահին հանձնված են վարձակալությամբ: Իսկ հողամասերի կադաստրային արժեքները ենթակա են վճարման եւ ներառված են գների մեջ: Հնարավոր է նաեւ լոտերի գնման գնի տարաժամկետ վճարում:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2014 թվականի հուլիսի 24-ին կառավարությանը ներկայացրեց «Հայգազարդի» պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին՝ «Նաիրիտ» գործարանի եւ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ որի՝ «Հայգազարդ»-ի պարտքերն ու պարտավորությունները մարվել են «Նաիրիտ-2»-ի 46.73 տոկոս բաժնեմասը կառավարությանը փոխանցելու եղանակով:
Նշենք, որ «Հայգազարդ» ընկերությունը ստեղծվել է դեռեւս 1998 թվականին 11 պետական փակ բաժնետիրական ընկերությունների միացմամբ: Գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական եւ եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել են «Հայգազարդ»-ի հաշվեկշիռ: «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվել է «Նաիրիտ-2» ընկերության 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որն էլ, փաստորեն, այն վաճառում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԽՆԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՊՐՈՑՈՒՄ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2016թ. փետրվարի 15-ին լուծել է Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վոլոդյա Բալասյանի հետ 2014թ. հունվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նույն օրը մարզպետը որոշել է Բերքաբերի դպրոցի ուսուցչուհի Գայանե Խուդավերդյանին նշանակել «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ 5 տարով աշխատանքային պայմանագիր կնքել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտնեց, որ նախկինում մրցույթ է անցկացվել Բերքաբերի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, սակայն դպրոցի կառավարման խորհրդի կազմը թերի լինելով՝ խորհուրդը որոշում չէր կարող ընդունել: 5 օրից նորից է խորհուրդը հավաքվել, սակայն որոշում կայացնելու համար անդամների թիվը կրկին անբավարար է եղել: Գ. Խուդավերդյանի դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո Բերքաբերի դպրոցի աշակերտների ծնողների մի խումբ բողոքեց այդ որոշման դեմ: Ծնողների խումբը ցանկանում է կրթօջախի տնօրեն տեսնել ավելի երիտասարդ Վոլոդյա Բալասյանին: Վերջինս էլ Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել, որ ինքը 13 տարի Բերքաբերի դպրոցում ուսուցիչ է աշխատել, այնտեղ մեծ ավանդ ունի եւ իր համար հեշտ չի լինելու հեռանալ այնտեղից: Դրանից հետո 2 օր Բերքաբերի դպրոցում դասադուլ եղավ, այդ օրերին դասերին մասնակցեց դպրոցի 35 աշակերտների ընդամենը կեսը: Բերքաբերի դպրոցի նորանշանակ տնօրեն Գայանե Խուդավերդյանը ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 18-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: Դրանից հետո Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել է սահմանամերձ գյուղի դպրոց, տեղում հանգամանալից քննարկել խնդիրը: Մարտի 2-ին մարզպետ Հ. Աբովյանը որոշել է մինչեւ նոր մրցույթի արդյունքները Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները դնել Փաշիկ Աղամյանի վրա: Առաջիկայում Բերքաբերի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի մասին հայտարարություն կտպագրվի:

 

ՏԱԳՆԱՊՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Նախապես հայտարարվել էր, որ մարտի 6-ին Հայաստանի 7 մարզերում, այդ թվում Տավուշում անջատվելու է հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: Մինչ օրս, սակայն, պետության կողմից անվճար կերպով հեռուստատեսային թվային հաղորդումների ընդունիչ սարքեր ստացել է ընտանեկան նպաստառու ընտանիքների մի մասը: Տավուշի մարզում հազարավոր ընտանիքներ սոցիալական վատ վիճակի պատճառով դեռեւս չունեն թվային ընդունիչ սարքեր: Մարտի 6-ին Տավուշում անալոգային հաղորդումները չանջատեցին: Սահմանամերձ մարզի բնակիչները չգիտեն, թե դրանք երբ կանջատվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս