ՎՊ-Ն ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2015թ.-ի սեպտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը վերահսկողություն է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում եւ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամում, որտեղ բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել:

Վերահսկողության առարկան է եղել սոցապ նախարարությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործումը: Այսպես՝ դեռեւս 2012-2013թթ. եւ 2014-2015թթ. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ԿՀԻԿ-ը, դրամաշնորհի 2 ծրագրերով ստացել է ավելի քան 145 մլն դրամ:
ՎՊ-ի կողմից ուսումնասիրվել են ԿՀԻԿ-ի աշխատակիցներին 2012-2015թ. վճարված աշխատավարձերը եւ մասնագետների հետ կնքված պայմանագրերը, ինչի արդյունքում պարզվել է, որ վարորդ լոջիստիկի, գործավար-վարչական գծով օգնականի եւ երկու թեժ գծի օպերատորների հաստիքները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակում չկան: Ավելին՝ վերջին երկուսը՝ թեժ գծի օպերատորները, 2014 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը, փաստորեն, հիմնադրամի կողմից վարձատրվել են այլ կազմակերպության` սոցապ նախարարության «Նորք» ՏՎԿ աշխատանքների կատարման համար, քանի որ թեժ գիծը պատկանում է այդ կենտրոնին: Հիմնադրամի որոշ աշխատողների վճարվել է հնարավորինս բարձր աշխատավարձ՝ 453 հազար դրամից մինչեւ 1 մլն 482 հազար դրամ:
Ուսումնասիրվել է նաեւ ԿՀԻԿ հիմնադրամի կողմից վառելիքի գնման եւ բաշխման գործընթացը: Ըստ այդմ, 2012-2013թ. եւ 2014-2015թ. ծրագրերով գնվել է համապատասխանաբար 2900 եւ 5500 լիտր բենզին, ընդհանուր 3 մլն 851 հազար դրամ գումարով, որը չի մուտքագրվել հիմնադրամի պահեստ, չի ձեւակերպվել որպես ապրանքանյութական արժեք եւ չի ելքագրվել: Չի կատարվել նաեւ վառելիքի բաշխում, չկան վառելիքի օգտագործումը հիմնավորող փաստաթղթերը, թե որ մեքենային ինչքան է տրվել վառելիքը, մեքենայի ուղեգրերը, մեքենայի կատարած վազքը եւ այլն: Բացի այս՝ ՎՊ-ն պարզել է, որ 2012-2013թ. եւ 2014-2015թ. երկու դեպքով 800 հազար դրամ եւ 1 մլն 10 հազար դրամ ծախսով գործուղումները չունեն հրամաններ:
Մի շարք ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնցով դրանք պետք է հիմնադրամին մատուցեին տեղեկատվական ծառայություններ, աջակցեին կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված միջոցառումների լուսաբանմանը, պատրաստեին տեղեկատվական հոլովակներ եւ հեռուստահաղորդումներ: Հարկ է նշել, որ հիմնականում պայմանագրերը կնքվել են՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ առանց մրցույթի: «Ալֆա կապիտալ» ՍՊԸ-ին վճարված 1 մլն 700 հազար դրամից /20 րոպե տեւողությամբ տեսահոլովակի արժեքը/ 170 հազար 800 դրամը /2.01 րոպեի արժեքը/ ենթակա է վերականգնման, քանի որ 20 րոպեանոց տեսահոլովակի փոխարեն պատրաստվել է 17.59 րոպեանոց տեսահոլովակ:
Հիմնադրամի եւ Անահիտ Մուրադյանի միջեւ 2012-ին կնքվել է պայմանագիր՝ համաձայն որի վերջինիս վճարվել է մոտ 1 մլն 300 հազար դրամ՝ գրաֆիկական դիզայնի ծառայություն մատուցելու համար: Սակայն պարզվել է, որ գրաֆիկական դիզայնի ծառայությունների մատուցման կատարողական ակտ չի կազմվել, չի նշվել կատարված աշխատանքների քանակն ու ծավալը, եւ գումարը վճարվել է միայն Անահիտ Մուրադյանի հաճախումների հիման վրա:
Հիմնադրամի եւ Արման Սարգսյանի, ինչպես նաեւ Սերգեյ Սուքիասյանի միջեւ 2012-ին կնքվել են պայմանագրեր՝ համաձայն որոնց նրանց վճարվել է մոտ 1.5 մլն դրամ, ՀՀ կենսաթոշակային համակարգի իրազեկման եւ ֆինանսական գիտելիքի տրամադրման ծառայությունների` տնտեսագիտական համալսարանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման համար: Բայց պարզվել է, որ հիմնադրամի կողմից սահմանված աշխատանքների նկարագիրը, որը հանդիսանում է պայմանագրերի անբաժանելի մաս հանդիսացող հավելված, կազմված չէ: Կազմված չեն նաեւ աշխատանքների կատարման կատարողական ակտերը, չկան աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտերը:
Հիմնադրամը կրկին 2012-ին «Լակոնի» ՍՊԸ-ին է փոխանցել ընդհանուրը 748 հազար 300 դրամ տեղեկատվական նյութերի տպագրության համար: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ գործարքը կատարվել է բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց նախօրոք կողմերի միջեւ պայմանագիր կնքելու: Չի կազմվել աշխատանքների հանձնման-ընդունման ակտ: Տպագրված տեղեկատվական նյութերը չեն մուտքագրվել հիմնադրամ եւ չեն ելքագրվել: Տեղեկատվական նյութերի վրա նշված չէ տպաքանակը եւ տպագրող ընկերության անվանումը:
Հիմնադրամը տարբեր վճարման հանձնարարագրերով «Վամիր», «Զարտպրինտ», «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ներին եւ «Մարիա Դավթյան» ԱՁ-ին փոխանցել է ընդհանուր մոտ 2 մլն 400 հազար դրամ տեղեկատվական նյութերի, պաստառների, բաներների տպագրության համար: Ուսումնասիրությունից պարզվել է, որ գործարքները կատարվել են բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց նախօրոք կողմերի միջեւ պայմանագիր կնքելու: Այս դեպքում նույնպես բացակայել են տպաքանակը եւ տպագրող ընկերության անվանումը: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ 2011-2015թ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամում աուդիտ չի իրականացվել:
Թե ինչ ընթացք կստանա չարաշահումների եւ խախտումների այս երկար ցուցակը, եւ արդյոք որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի, պարզ կդառնա առաջիկայում: Թեեւ եղած փորձը հաշվի առնելով` դժվար է այս հարցում թերահավատ չլինել: Ամեն դեպքում փոշիացված պետական միջոցների վերադարձի մասին հազիվ թե կարելի է մտածել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
ԱՄՆ Կենտուկի նահանգը միացավ Այդահո, Նյու Հեմփշիր եւ մյուս նահանգներին, որտեղ հաջողությամբ տապալվել են հակահայկական քարոզչությանն ուղղված ադրբեջանամետ բանաձեւերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը՝ մարտի 7-ին Կենտուկի նահանգի սենատում կասեցվել է, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձեւի ընդունումը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը:
Բանաձեւը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արեւելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո:
«Կենտուկիում ձեռք բերված մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարությունը գործում է, եւ նահանգի օրենսդիր մարմնի անդամները չեն հանդուժի դիկտատոր Իլհամ Ալիեւի շահերին ծառայող խեղաթյուրման կամ միջամտության որեւէ փորձ: Ալիեւը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ագրեսիան՝ դրանով վտանգի ենթարկելով տարածաշրջանի փխրուն խաղաղությունը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը:
Նա հավելել է, որ հանձնախմբի տեղական մարմինների եւ փաստաբանների միջոցով շարունակելու են ակտիվ աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ միջազգային հանրության կողմից ճանաչման ուղղությամբ: Սենատոր Դայմոն Թայերի կողմից բանաձեւը Կենտուկիի սենատ էր ներկայացվել մարտի 1-ին: Բանաձեւի մասին տեղեկանալով՝ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իսկույն տեղեկատվական արշավ էին նախաձեռնել՝ կոչ անելով սենատի նախագահին ու մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարներին հրաժարվել փաստերը խեղաթյուրող վտանգավոր բանաձեւն ընդունելուց:
Արդյունքում նահանգի սենատը պաշտոնապես դադարեցրել է բանաձեւի ընդունման գործընթացը: Հայ լոբիստների ջանքերի արդյունքում Կենտուկիի օրենսդիրները տեղեկացել են ինչպես Արցախյան հակամարտության իրական բնույթի, այնպես էլ Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների ու տարածաշրջանում Բաքվի ապակայունացնող դերի վերաբերյալ:




Լրահոս