ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ որոշ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա) այն ազգային տոն է: Կանանց միջազգային օրվա առթիվ գեղեցիկ ձեւավորված է նաեւ Երեւանը: Մայրաքաղաքում իսկական տոնական տրամադրություն է տիրում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում կարելի է կենսաթոշակի վերահաշվարկում կատարել:
Ստելլա Բաբայան (65 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե՝
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
շարունակելի
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության՝ մինչեւ 2014թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տեղի ունենում ձեռնարկությունների լուծարման գործընթացը:
Հռիփսիմե Ամրոյան (42 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Ամրոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ձեռնարկության լուծարումը դա գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների, այլ անձանց փոխանցման: Գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ ոչ պաշտոնական եւ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը):
Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված: Ձեռնարկությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
– գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի),
– օրենքով արգելված գործունեության իրականացում,
– գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
– օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ձեռնարկության լուծարումն իրականացնում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների) կամ նրանց կողմից լիազորված մարմնի, իսկ ձեռնարկությունը սնանկ ճանաչելու դեպքում՝ դատական մարմնի կողմից կազմված լուծարքային հանձնաժողովը: Ի դեպ, եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը չի ուղեկցվել ՀՀ օրենսդրությամբ կամ օրինական ուժի մեջ մտած դատական մարմնի որոշմամբ նախատեսված բոլոր գործողությունների կատարմամբ, կամ կատարվել է խախտումներով, ապա նրա գործունեության դադարեցումը չի կարող համարվել իրականացված եւ ունենալ իրավական հետեւանքներ: