ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի միջազգային պահուստները այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 680 միլիոն 660 հազար դոլար: Այսինքն՝ մեկ ամսվա` փետրվարի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 մլն 540 հազար դոլարով, քանի որ փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները եղել են 1 մլրդ 740 մլն 200 հազար դոլար: Ավելին՝ 2015 թվականի տարեվերջին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 771 մլն 200 հազար դոլար: Ուստի ստացվում է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա ընթացքում միջազգային պահուստներից արդեն իսկ ծախսել է 90 մլն 540 հազար դոլար:
Սակայն գործադիրի «գերածախսը» միայն այս թվերով չի սահմանափակվում: Բանն այն է, որ երեկ հրապարակվել է նաեւ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը: Ըստ այդմ, այս տարվա մարտի 1-ի դրությամբ մեր երկիրն արդեն ունի 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլարի պետական պարտք: Անցած տարվա վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում էր 5 մլրդ 78 մլն 800 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 41 մլն 600 հազար դոլարով: Արդեն իսկ ակնհայտ է, որ արտերկրից ֆիզիկական անձանց անունով եկող տրանսֆերտներն այս տարվա ընթացքում եւս շարունակելու են նվազել: Սա հանգեցնելու է նրան, որ երկրի ներսում շրջանառու միջոցները նվազեն, ինչը տնտեսության՝ առանց այդ էլ վատ վիճակն ավելի է բարդացնելու: Ստացվում է, որ այլ բան չկա անելու, քան շարունակել մսխել միջազգային պահուստները եւ նորանոր վարկեր վերցնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկող երկուշաբթի մեկնարկող քառօրյային եւս չի մասնակցի: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում: Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց: Վերջին` փետրվարի 25-ին ավարտված ԱԺ քառօրյայից հետո հայտարարվեց, որ Սահակյանի առողջական վիճակը լավացել է, եւ բժիշկներն անգամ թույլատրել են աշխատանքի գնալ: Սակայն նա մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել եւ վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն դեռ չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել: Առաջիկա քառօրյային Սահակյանի մասնակցել-չմասնակցելու մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասաց. «Մինչեւ ամսի 14-ը կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»:
Հայաստանի դատավորների մի մասի եւ դատական համակարգի ղեկավարության միջեւ հերթական հակասությունն է հասունանում: Բանն այն է, որ Հայաստանի տարբեր դատարանների դատավորներ զանազան մասնագիտական դասընթացների են մասնակցում: Դրանց մի մասը կարող է Հայաստանում կազմակերպված լինել կամ էլ արտերկրում: Ամեն դեպքում, նախկինում դատավորները մասնագիտական դասընթացներին մասնակցելով, որոնք երբեմն 2-3 ամիս էին տեւում, իրենց աշխատավարձից չեն զրկվել: Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ եւս սահմանված է, որ դասընթացների ընթացքում դատավորների աշխատավարձը պետք է պահպանվի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անցած տարվա վերջից, երբ հատկապես արտերկիր դասընթացների մեկնած դատավորները վերադարձել են, պարզվել է, որ նրանց 2 կամ 3 ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, քանի որ դատական համակարգի ղեկավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այդպես է հրահանգել:
Հայաստանի իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները սկսել այս ամսվա վերջին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա քառօրյայից հետո նախագիծը նախ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, որից հետո մարտի 22-ին կամ 23-ին նախապատրաստվում են լսումներ կազմակերպել: «Մեծ լսումներ են նախապատրաստվում, որպեսզի հնարավորինս կարողանանք հանրությանը մասնակից դարձնել այդ քննարկումներին եւ նաեւ շահագրգռված այն միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել: Իրականում մենք ունենք դեռ բավականին երկար ժամանակ եւ պետք է հնարավորինս կարողանանք այդ քննարկումների արդյունքում բոլոր արած առաջարկությունները դնել քննարկման»,-ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանը պարտավոր է նոր ԸՕ-ի քննարկումներն ավարտել եւ փաստաթուղթն ընդունել մինչեւ մայիսի կեսերը, որպեսզի այն հունիսի 1-ից ուժի մեջ մտնի:
ԴԱՎԱՃԱՆԱԲԱՐ
Երեկ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը` «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ: Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի եւ սպառազինություն ունի: Միով բանիվ` ներկայացված է գաղտնի տվյալների այնպիսի մի քանակություն, որի անգամ 10 տոկոսի հրապարակման համար որեւէ հայ լրագրողի կամ զինվորականի կդատապարտեին հայրենիքի դավաճանության համար:
Ընդ որում, նշված վերլուծության միանգամայն կողմնապահ եւ ընդգծված ադրբեջանամետ ասելիքը հեղինակը կարող էր շատ հանգիստ ներկայացնել` առանց ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության այդ ցանկի հրապարակման, այնպես, ինչպես նա որոշել էր, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ առավելություն ունի օդուժի սպառազինության հարցում` չներկայացնելով ասվածը հիմնավորող որեւէ զինատեսակ, որն առկա է ադրբեջանական զինված ուժերում:
Սակայն ինքնին հասկանալի է, որ ռուսական որեւէ լրատվամիջոցում այդ ծավալի գաղտնի տեղեկատվությունը չէր կարող հայտնվել առանց ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկատվական աջակցության եւ ՌԴ քաղաքական ղեկավարության հրահանգի: Եվ այն, որ նման աննախադեպ, ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժային բնույթի տեղեկատվությունը հրապարակվում է Սերժ Սարգսյանի` այսօր Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, մտահոգվելու լրջագույն տեղիք է տալիս: Եթե սրան գումարում ենք նաեւ օրերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Բաքու կատարած այցի ընթացքում քննարկված եւ կարծես թե հարթված խնդիրը` Ադրբեջանի կողմից ռուսական զենքի դիմաց վճարումների ուշացման հետ կապված, ապա պարզ է դառնում, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է Հայաստանի ունեցած սպառազինությունն ի ցույց դնելով` էլ ավելի շահագրգռել Բաքվին` նոր զինատեսակների ձեռքբերման եւ ռուս-թուրքական լարվածության այս փուլում Մոսկվայի հանդեպ լոյալության պահպանման համար:
Նկատենք, որ սա Մոսկվայի կողմից այսօրինակ արդեն երկրորդ քայլն է անցած մեկ ամսվա ընթացքում: Նախորդը, հիշեցնենք, վարաբերում էր ռուսական 200 միլիոն դոլարի վարկի դիմաց ՀՀ-ին տրամադրվելիք զինատեսակների ցուցակի հրապարակմանը` հակառակ պայմանագրով կողմերի ստանձնած կոնֆիդենցիալության պահպանման պարտավորության: Ակնհայտորեն ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Կրեմլում է՛լ ավելի քիչ են սկսել հաշվի նստել ՀՀ-ի շահերի հետ` ըստ ամենայնի մտածելով, որ թուրքական յաթաղանից մազապուրծ հայերը երբեք չեն հանդգնի դժգոհել ռուսներից: ՀՀ իշխանությունների` ձկան նման համր կեցվածքն էլ ամրապնդում է այդ համոզմունքը: