ԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՆԱԽԱԳԻԾ Է, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին հրապարակված նոր ընտրական օրենսգրքի նախագծի բովանդակությունը անակնկալ էր ինչպես ընդդիմության, այնպես էլ ՀՀԿ ներկայացուցիչների համար: Իրականում մինչեւ վերջին օրը իշխող հանրապետականների գերակշիռ մասը տեղյակ չէր, թե ինչպիսի փոփոխություններ են արված փակ դռների ետեւում նախագիծը մշակող աշխատանքային խմբի կողմից: Մարտի 18-ից նախագիծն արդեն քննարկվելու է Ազգային ժողովում, սակայն, կարծես թե, առայժմ հստակ չէ, թե ինչ ընթացակարգով է անցնելու քննարկումների փուլը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` պարզելու համար, թե ինչ ֆորմատով են անցկացվելու նոր ԸՕ նախագծի քննարկումները:
-Պարո՛ն Բաղդասարյան, օրեր առաջ հրապարակված ընտրական նոր օրենսգրքի նախագիծը հարուցեց ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության վրդովմունքը, քանի որ հակառակ ստանձնած պարտավորությունների` նախագիծը մշակվել է՝ չապահովելով հանրության բոլոր շերտերի մասնակցության սկզբունքը: Արդյո՞ք պատրաստվում եք այդ բացը շտկել` արդեն Աժ-ում քննարկումների ընթացքում ներգրավելով քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների:
-Հիմա մենք արդեն նախապատրաստվել ենք մեր ֆրակցիայով քննարկումներ անցկացնել: Ինձ թվում է, որ մնացած բոլոր խմբակցություններն էլ իրենց քննարկումները կկազմակերպեն: Այս քառօրյայից հետո նախատեսվում է առանձին հանձնաժողովներում քաղաքական ուժերի միջեւ բանավիճային քննարկումներ իրականացնել, որից հետո ամսի 22-23-ի շրջանակներում նախապատրաստվում են արդեն լայնածավալ լսումներ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այսինքն՝ մեծ լսումներ են նախապատրաստվում, որպեսզի հնարավորինս կարողանանք հանրությանը մասնակից դարձնել այդ քննարկումներին եւ նաեւ շահագրգռված այն միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել: Իրականում մենք ունենք դեռ բավականին երկար ժամանակ եւ պետք է հնարավորինս կարողանանք այդ լսումների արդյունքում արված բոլոր առաջարկությունները դնել քննարկման:
-Իսկ ի՞նչ կասեք ընդդիմության կողմից արդեն իսկ ներկայացված եւ հրապարակված նախագծում այդպես էլ չընդգրկված առաջարկների մասին:
-Ամեն ինչը պետք է որոշվի Ազգային ժողովի քննարկումների արդյունքում, դա ընդամենը նախագիծ է: Առաջարկություն, դա չի նշանակում ընդունել: Մենք էլ ենք բավականին առաջարկություններ ներկայացրել, դրանք բոլորը պետք է քննարկվեն: Կարող են լինել անհնարին բաներ, որոնք որ Սահմանադրության կամ այլ խնդիրների հետ կապված լինեն, պետք է համապատասխան գործիքներ առաջարկենք, որոնք որ այդ մտահոգությունները պետք է կանխեն:
-Պարո՛ն Բաղդասարյան, դեռեւս փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված էին նաեւ ընտրական նոր օրենսգրքին վերաբերող16 առաջարկություններ: Բայց, կարծես թե, այդ առաջարկությունների գերակշիռ մասն անտեսվել է նոր ԸՕ նախագծի մշակողների կողմից: Ի՞նչն է պատճառը, եւ արդյո՞ք քննարկումները հնարավորություն կտան շտկել այդ սխալը:
-Դրանք բոլորը քննարկման առարկա են, եւ չի եղել մի առաջարկություն, դիտողություն, որ մենք քննարկման առարկա չդարձնենք: Բնականաբար, քննարկումների ժամանակ կանդրադառնանք նաեւ դրանց:
-Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Արդյո՞ք հատկացված ժամանակը բավարար կլինի փաստաթղթի մշակման աշխատանքների լիարժեք իրականացման համար: Ազգային ժողովի ո՞ր քառօրյայում է վերջնականապես քննարկվելու նախագիծը:
-Շտապել պետք չէ: Հիմա ավելի կարեւոր են քննարկումները: Մենք դեռ բավական երկար ժամանակ ունենք մինչեւ հունիս ամիսը: Բայց ինձ թվում է, որ ապրիլ ամիսն էլ կօգտագործենք քննարկումներ իրականացնելու համար: Մենք պետք է նայենք նրան, թե երբ պատրաստ կլինեն բոլոր խնդիրների եւ բոլոր առաջարկությունների պատասխանները, եւ այդ ժամանակ արդեն պատրաստ կլինենք նախագիծը քառօրյա մտցնելու:

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը մարտի 13-ին է, սակայն մինչ օրս Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացառությամբ մեկ-երկուսի, թեկնածուներ չեն առաջադրել:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ՏԻՄ ընտրություններին նրանց կողմից թեկնածուներ առաջադրվելու են, թե ոչ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը, ասաց. «Մենք առաջադրում չունենք: Բայց մեր հանձնաժողովների բոլոր անդամները լինելու են տեղերում, մենք ակտիվ պահպանելու ենք օրինականությունը եւ թույլ չենք տալու որեւէ կեղծիք լինի»:
Ինչ վերաբերում է արդեն աշնանը կայանալիք Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, Արամ Մանուկյանը նշեց, որ այստեղ վճռորոշ դեր է խաղալու ընտրական նոր օրենսգիրքը: «Բոլոր տարածքային կառույցներում քննարկում ենք մեր մասնակցության ձեւը, չափը, մոտեցումները, բայց շատ բան կախված է ընտրական նոր օրենսգրքի նախագծի բարեփոխումից: Այսինքն՝ ընտրական օրենսգիրքը եթե մնա այսպիսին, ապա լրիվ ուրիշ վիճակ է լինելու: Մենք կփորձենք բարելավել ընտրական օրենսգիրքը եւ այդ դեպքում կորոշենք»- հավելեց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Տիմ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ ասաց. «Առաջադրումների հետ կապված առաջիկա օրերին մենք քննարկումները կավարտենք եւ մեր տեսակետը կներկայացնենք: Ընդհանրապես ԲՀԿ-ի սկզբունքը հետեւյալն է՝ ԲՀԿ-ի հանձնաժողովների անդամները ստացել են եւ ստանալու են մեկ հանձնարարական՝ բոլոր տեղերում ապահովել ազատ եւ արդար ընտրություններ»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս մեզ հետ զրույցում նշեց., որ իրենք ակտիվ են լինելու առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց ոչ թե առաջադրումների, այլ ընտրական հանձնաժողովներում տարվելիք աշխատանքի առումով «Այս ՏԻՄ ընտրություններին չենք առաջադրվելու, բայց մասնակցելու ենք շատ ակտիվ, այսինքն՝ հանձնաժողովներում հնարավորինս փորձառու եւ ազնիվ անդամների ենք նշանակելու: Իսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, թեեւ դեռ որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք Գյումրիում եւ Վանաձորում»:
«Ժողովուրդ»-ն Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից էլ հետաքրքրվեց՝ արդյոք Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Միսակյանից բացի՝ ՕԵԿ-ին փոխարինած «Հայկական վերածնունդ»-ից այլ թեկնածուներ էլ են առաջադրվելու առաջիկա ՏիՄ ընտրություններում: «Ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մենք շատ ենք կարեւորում այդ ընտրությունները մեր երկրում: Հիմա էլ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է ակտիվորեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին` կարեւորելով այդ ընտրությունները: Ընտրություններից առաջ մենք անդրադառնում ենք թեկնածուներին մինչեւ գրանցումը: Այս պահի դրությամբ միայն Արթուր Միսակյանի թեկնածությունն է առաջադրվել Հրազդանում: Եթե եղան այլ թեկնածուներ, մենք անպայման կանդրադառնանք: Բայց հիմնական ընտրությունները պետք է լինեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւ ժամանակ դեռ շատ կա: Մենք պարբերաբար կանդրադառնանք եւ կտեղեկացնենք: Դա պետք է «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման մարմինը որոշի»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ
2016թ. փետրվարի 16-ին գրել էիք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումը, որով նա պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ դիմումի համար հիմք է հանդիսացել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ս. Սարգսյանն իրեն խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է եղել: Այսինքն` Ս. Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ որոշակի տեղեկությունների է տիրապետում: Ուստի իրավապաշտպանը չի բացառել, որ Ս. Սարգսյանի հարցաքննությունը կարող է օգնել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները 17 տարի անց բացահայտվեն: Իրավապաշտպանի դիմումից անցել է 17 աշխատանքային օր, բայց ՀՀ գլխավոր դատախազությունում դրա հետագա ընթացքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Պաշտոնապես դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում: Հավանաբար այնքան «կուսումնասիրեն», մինչեւ հեղինակը եւ հանրությունը դրա մասին մոռանան:

 

ԷԼԻ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կրկին ձգձգվում է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տարեսկզբին հայտարարել էր, որ այդ գումարներն այսուհետ վճարվելու է յուրաքանչյուր ամսվա 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն երեկվա դրությամբ գումարները դեռեւս չէին վճարվել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն, որտեղից հավաստիացրին, որ գումարներն այսօր պետք է փոխանցվեն, իսկ մարտի 11-12-ին այն կբաժանվի մայրերին:

 

ԱՌԱՆՑ ՇԵՖԻ ԻՆՉ ՆԻՍՏ
Այսօր նախատեսված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունենալու: Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված էր սովորականից մեկ օր շուտ` երեկ անցկացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կայացել: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ԳՄ նիստերի հետաձգումը: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Թադեւոսյանն ասաց. «ՀՀԿ ԳՄ նիստերը հրավիրում եւ վարում է կուսակացության նախագահը… Զբաղվածության եւ այլ պատճառներով… Հաջորդ շաբաթ, կարծում եմ, կունենանք»: Այլ կերպ ասած՝ նիստը տեղի չի ունենալու, քանի որ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա:

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ամենայն հավանականությամբ, այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին` Հովհաննես Վարդանյանին` Լիդերին, կներկայացնի աշխատակազմին, իսկ գործող ղեկավար Հրայր Անտոնյանին էլ` իր նոր աշխատակազմին: Նա կնշանակվի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ:




Լրահոս