ԳՈՐԾԱՐԱՐԸ Ո՛Չ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է, Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է զրկված լինեն ֆինանսական լուրջ հնարավորություններից: Այս երեւույթը երկու պատճառ ունի, որոնցից մեկն այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է, իսկ մյուսը` հենց ընդդիմության վարքագիծը:

Այն հանգամանքը, որ իշխանությունները պետք է ամեն կերպ ձգտեն, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսական հնարավորություններից զրկված լինեն, թերեւս սպասելի եւ ինչ-որ առումով էլ բնական գործընթաց է: Իսկ ինչպես են իրենց դրսեւորում ընդդիմադիր կուսակցությունները: Փաստն այն է, որ ցանկացած գործարար, որը «հանդգնում» է իշխանությունների հետ իր շփումների մասին բարձրաձայնել, ընդդիմադիր որոշակի շրջանակների կողմից անմիջապես անարգանքի սյունին է գամվում: Ամենավառ օրինակը «Ռոսիա Մոլի»՝ մարտի 5-ին տեղի ունեցած բացման արարողությունից հետո համացանցում բարձրացած վայնասունի թարմ օրինակն է: Ինչպես հայտնի է՝ այդ կառույցը պատկանում է «Սիլ կոնցեռնին», որի նախագահը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, որը 2008-ի նախագահական ընտրություններում սատարում էր ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այս պատճառով Սուքիասյանը իշխանությունների կողմից երկար ժամանակ հետապնդվեց եւ իր բիզնեսների մի մասը կորցրեց: Նշված մոլի շուրջ աղմուկը բարձրացավ այն պատճառով, որ բացմանը գլխավոր հյուրը եղել էր Սերժ Սարգսյանը: Բացման արարողության նկարների տարածվելուց հետո բոլոր «թունդ» ընդդիմադիրները սկսեցին Սուքիասյաններին հիշեցնել իրենց ընդդիմադիր անցյալը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե խիստ «սկզբունքային» են այն անձինք, որոնք գործարարներից պահանջում են, որ եթե նրանք չեն ցանկանում իշխանությանը ծախված լինելու մեջ մեղադրվել, ապա իշխանավորներից պետք է հեռու մնան, պաշտոնյա տեսնելուց փախչեն:
Իրականում, սակայն, այս մոտեցումը չես կարող սկզբունքային համարել: Նախ նկատենք, որ երբ գործարարից պահանջում ենք իր գործողությունները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորել, ստացվում է, որ ակամա հավանություն ենք տալիս բիզնեսի եւ իշխանության սերտաճմանը, քանի որ դրանք նույն մեդալի տարբեր կողմերն են: Վիճարկման ենթակա չէ այն, որ բիզնեսը չպետք է իշխանության հետ սերտաճի: Նման պայմաններում որեւէ մեկն իրավունք չունի գործարարից պահանջել, որ նա հրապարակային ընդդիմադիր դիրքորոշում արտահայտի: Ի վերջո, հասկանալի է, որ գործարարը կարող է այս կամ այն ընդդիմադիր ուժին համակրել՝ ընդունելով, որ այդ կուսակցության իշխանության գալու դեպքում Հայաստանը զարգացման ավելի լավ հեռանկարներ կարող է ունենալ: Նույն գործարարը միաժամանակ կարող է գործող իշխանության հետ եւս լավ հարաբերություններ ունենալ, ինչը իր բիզնեսը կազմակերպելու համար պարտադիր պայման է: Այլընտրանք չկա պարզապես:
Ակնհայտ է, որ գործարարը չի կարող իշխանության հետ բացահայտ առճակատման գնալ, քանի որ կարող է իր ունեցվածքը կորցնել: Ավելին՝ ցանկացած գործարար գիտի, որ իր գործերի հաջողության համար իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերությունը պարտադիր պայման է:
Բայց այդ «պարտադիր պայմանը» ընդդիմադիր հատվածը դիտարկում է իբրեւ «վաճառվածություն», «անսկզբունքայնություն» եւ այլն: Ու տարիներ շարունակ Հայաստանում հենց այս մոտեցումն է գործում, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ գործարարներն ամեն կերպ ձգտում են ընդդիմությունից հեռու մնալ: Ակնհայտ է, որ եթե իշխանությունների հետ նորմալ հարաբերություն պահպանելը գործարարների դեպքում իբրեւ չարագործություն չընկալվի, ապա նրանք կաշկանդված չեն լինի իրենց նախընտրած ընդդիմադիր ուժին ֆինանսապես աջակցել:
Այսինքն՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի` քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվող քաղաքացիները հրաժարվեն գործարարներին տարանջատել ընդդիմադիրների եւ դիմադիրի: Երբ սկսի այս մոտեցումը գերիշխել, եւ գործարարներն էլ ծուղակ մղված չլինեն, նրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կհամարձակվեն ֆինանսապես աջակցել ընդդիմադիր կուսակցություններին: Այսինքն՝ այս տարբերակով դրական զարգացման հնարավորությունը կսկսի աճել: Բայց բոլորին անխտիր հայհոյելն ու մրոտելը, հաստատ, զարգացման ոչ մի հեռանկար չի խոստանում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ ստորագրած որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Դավիթ Մելքոնյանի նշանակումը ներիշխանական խմորումների առիթ է դարձել: Ըստ լուրերի՝ արդարադատության փոխնախարարի նշանակման շուրջ ՀՀ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարության ղեկավարության միջեւ ներքին մրցավազք է սկսված եղել: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկացել է, որ այդ պաշտոնում իր թիմակիցը նշանակվի: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին ցանկացել է, որ փոխնախարարը լինի իր վստահելիներից մեկը: Ի վերջո, «հաղթել» է Կոստանյանը, քանի որ նորանշանակ փոխնախարարը մինչ այս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործերն անցած տարվա ընթացքում մի փոքր վատացել են, քանի որ ըստ նրա հայտարարագրի՝ դրամական միջոցները 2015-ին մի փոքր պակասել են: Մասնավորապես, «խնայողությունները» նվազել են 30 մլն դրամով եւ կազմել են 180 մլն դրամ, իսկ դոլարով գումարները 200 հազարով են նվազել: Անցած տարվա վերջի դրությամբ դոլարով Աբրահամյանի «ետ գցած» գումարները կազմել են 1 մլն 600 հազար դոլար: Իհարկե, այն փաստը, որ Աբրահամյանի գումարները նվազել են, դեռ չի նշանակում, որ նրա ընտանեկան բյուջեն էապես տուժել է: Բանն այն է, որ նա բավականին հարուստ կին ունի, որի դրամական միջոցները առանձնապես չեն նվազել: Անցած տարվա վերջին Հայաստանի վարչապետի կինը` Ջուլիետա Աբրահամյանը, հայտարարագրել է 210 մլն դրամ եւ 2 մլն 670 հազար դոլար դրամական միջոց: Ավելին՝ ի տարբերություն ամուսնու, որը անցած ողջ տարվա ընթացքում վաստակել է ընդամենը 10 մլն 551 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 880 հազար դրամ, Ջուլիետա Աբրահամյանի եկամուտը կազմել է 45 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ նախկինում Հովիկ Աբրահամյանի հայտարարագրերում նշվող գումարները սահուն անցում են կատարել նրա կնոջ հայտարարագիր:

 

 

ՄԻ ԳՐՊԱՆԻՑ` ՄՅՈՒՍԸ
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին կհատկացնի 132 մլն 601 հազար դրամ: Համապատասխան որոշումը գործադիրը կընդունի այսօր կայանալիք նիստում: Գումարը հատկացվելու է հեռուստաընկերության` ավելացված արժեքի հարկի գծով պարտքերը մարելու համար: Սակայն ուշագրավն այն է, որ այս որոշման արդյունքում պետական բյուջեի եկամտային եւ ծախսային մասերում պետք է փոփոխություն կատարվի, երկու ցուցանիշներն էլ պետք է ավելացվեն: Ստացվում է, որ կառավարությունը գումարը մի գրպանից մյուսն է տեղափոխում, իսկ բյուջեն «աճում» է:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Անդրադառնալով այն լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը քաղաքականություն մուտք գործելու նպատակով պատրաստվում է սեփական կուսակցությունը բացել, եւ արդեն իսկ սկսել է հանդիպումներ անցկացնել տարբեր գործիչների, այդ թվում եւ իր հետ, Հայաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն arlur.am-ին ասել է, որ Սուքիասյանին վերջին անգամ հանդիպել է անցած տարվա դեկտեմբերին: Նա վստահեցրել է, որ չի մասնակցել անգամ «Ռոսիա Մոլի»` օրերս կայացած բացմանը, ավելին՝ ըստ Հովհաննիսյանի՝ ինքը բացմանը հրավիրված չի եղել:
 

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի հետ կապված իր մտահոգությունները. «Հանրությանը, ըստ էության, ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Ընդ որում, այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են: Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձեւակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձեւավորմանը»,- կարծում է Օսկանյանը:

 

 

ՆՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ մոտ օրերս համաձայնագիր կստորագրվի «Գազպրոմ»-ի հետ` մինչ այս գոծող նույն պայմաններով: Ասել է, թե Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստանին տրամադրվող ռուսական գազի 10%-ը: Նա նաեւ հայտնել է, որ SOCAR ադրբեջանական ընկերության հետ ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Վրաստանը հավելյալ ծավալի գազ կստանա «Շահ-Դենիզ» գազամուղով:

 

 

ԻՆՉՈՒ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտնել է, որ Թբիլիսում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը: Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր պաշտոնական էջում: «Ժամանել եմ Թբիլիսի` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քննարկման նպատակով»,- գրել է դիվանագետը:

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
ԵՄ մշտական անդամ երկրների ներկայացուցիչները որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել եւս կես տարով: Մասնավորապես կերկարաձգվեն 146 անձանց դեմ պատժամիջոցները, որոնց թվում են Դմիտրի Ռոգոզինը, Դմիտրի Կիսելյովը, Սերգեյ Գլազեւը: Պատժամիջոցները պահպանվել են 37 ընկերությունների նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014թ. մարտին:

 

 

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը եւ գործարար համաժողով, Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաեւ այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:




Լրահոս