ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՀԱՏԵԼ Է ՄԻՋՆԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուպեր երեքշաբթիից» հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավը թեւակոխեց նոր հանգրվան: Դեմոկրատական կուսակցությունում անվիճելի առաջատար մնաց Քլինթոնը, թեեւ նրա մրցակից Սանդերսը միասնական թեկնածու դառնալու հույսը դեռեւս չի կորցնում: Ի հեճուկս նահանգների մեծամասնությունում հանրապետական Թրամփի տարած հաղթանակների` Թեքսասի սենատոր Քրուզը կարծես ամրապնդվեց առաջատարին դիմակայելու դիրքերում: Ի դեպ, վերջինիս համբերատար հաղթարշավը ուղղակի ապշեցուցիչ է:

Քենզասում Սանդերսը հաղթեց նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 30 տոկոս առավելությամբ, ինչպես նաեւ առավելության հասավ Նեբրասկայում եւ Մեյնում: Մարտի 8-ին դեմոկրատական քվեարկություններ անցկացվեցին Միսիսիպիում եւ Միչիգանում: Առաջինում հաղթանակ տարավ Քլինթոնը` 83/16, իսկ Միչիգանում` Սանդերսը` 50/48-ի հարաբերակցությամբ: Վերլուծաբանների կարծիքները կիսվում են, թե ով է առավել հաջող դիրքեր նվաճել քվեարկությունների արդյունքում: Հաշվի առնելով Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Միսիսիպիում եւ ընդամենը 1 տոկոսի տարբերությամբ պարտությունը Միչիգանում, կարող ենք վստահորեն պնդել, որ հաղթողը Քլինթոնն է: Վերջինս ամենեւին էլ ընկճված չէ Միչիգանում կրած պարտությունից: Լիազորների թվով կրկնակի անգամ առաջատար լինելով` նախկին առաջին տիկինը խոսել է ներկուսակցական պայքարի հապճեպ ավարտի անհրաժեշտության մասին: Ըստ նրա` որքան շուտ ինքը դառնա միասնական թեկնածու, այդքան շուտ կլծվի հանրապետականների դեմ պայքարին: Սակայն Սանդերսը չի վհատվում: Նա հայտարարել է, որ առաջիկայում իր հաղթանակներն ավելի առարկայական են լինելու: Սանդերսը շեշտել է, որ առկա արդյունքները ցուցիչ են, թե ինչքան հոգնած են ամերիկացի ընտրողները կոռումպացված ընտրարշավներից եւ միլիարդատերերի քմահաճույքներից: Սանդերսի հույսը մարտի 15-ի «մինի սուպեր երեքշաբթին» է, որի ընթացքում ընտրվելու են 691 լիազորներ: Եվ միայն խոշոր նահանգներում հաղթելով` Սանդերսը կարող է կենդանացնել Քլինթոնին հասնելու` վաղուց մարած հույսերը:
Հանրապետականների ճամբարում մարտի 5-6-ին տեղի ունեցան միանգամից վեց քվեարկություններ, որոնք ամրապնդեցին գործարար Դոնալդ Թրամփի առավելությունը մրցակիցների նկատմամբ: Թրամփը հաղթեց Քենտաքի եւ Լուիզիանա նահանգներում, իսկ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը` Քենզասում եւ Մեյնում: Հատկանշական է, որ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, որը կուսակցական բոսերի վերջին հույսն է այս ընտրարշավում, զգալիորեն զիջեց իր դիրքերը: Մարտի 3-ի բանավեճը թեեւ որեւէ արտառոց նորություն չմատուցեց, սակայն ցույց տվեց, որ Ֆլորիդայի սենատորի` Թրամփի նկատմամբ որդեգրած թշնամական մարտավարությունը չի աշխատում: Նկատենք, որ նախորդ տարվա հուլիսից սկսած, երբ Թրամփը ներքաշվեց նախագահական մրցավազքի մեջ` աջուձախ կոշտ վիրավորանքներ հասցնելով, հանրապետական մի շարք թեկնածուներ փորձեցին նույն ոճի մեջ հակազդեցություն ցույց տալ նրան: Սկզբում Հվ. Կառոլինայի սենատոր Լինդսի Գրեմը, Լուիզիանայի նահանգապետ Բիբի Ջինդալը, իսկ մինչեւ վերջերս արդեն Ջեբ Բուշը փորձեցին դիմադրել Թրամփի հարվածներին, սակայն ապարդյուն: Զարմանալիորեն հանրապետականների ընտրարշավում Թրամփի հասցրած վիրավորանքները ճակատագրական են դառնում թիրախների համար, մինչդեռ վերջիններիս հակահարվածները որեւէ վնաս չեն հասցնում գործարարին: Նույն ճանապարհը ընտրեց նաեւ Մարկո Ռուբիոն: Տեւական ժամանակ նա խուսափում էր Թրամփի մասին խոսելուց` շահելով իր իրական մրցակից Ջեբ Բուշի հետ գործարարի մշտական առճակատումներից: Բավական էր` Բուշը լքեր պայքարը, որ Ռուբիոն ստանձներ Թրամփին կանգնեցնելու առաքելությունը: Նկատելի է, որ Բուշի` ընտրարշավում լինելն ու Թրամփի հետ թեժ բանավեճերը զգալիորեն օգնում էին Ռուբիոյին բարձր տոկոսներ վաստակել: Նա Հարավային Կառոլինայում անսպասելիորեն երկրորդ տեղն էր գրավել, եւ տպավորիչ երկրորդ հորիզոնականը վերցրել Նեւադայում: Սակայն մարտի 5-ի եւ մարտի 8-ի քվեարկություններում Ռուբիոն, բացառությամբ 2 նահանգի, գրավել է ընդամենը 3-րդ տեղը:
Ի հեճուկս Ռուբիոյի` Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը փայլուն մարտավարություն էր ընտրել: Նա որեւէ թեկնածուի անձնական վիրավորանք չի հասցրել: Ավելին` օգտվելով մյուսների եւ Թրամփի թեժ հակադրություններից` Քրուզը մշտապես պահպանում էր սառը դատողությունը, ինչը խիստ բարեհաջող դասավորություն ստեղծեց նրա համար: Մարտի 1-ից ի վեր Քրուզը հաղթել է 6 նահանգներում, իսկ մնացյալում գերազանցապես հանգրվանել 2-րդ հորիզոնականում: Ավելին` հանրապետականների վերջին բանավեճի ժամանակ Քրուզը Թրամփին քանիցս նկատողություն արեց իրեն ընդհատելու համար: Թեքսասի սենատորը գործարարին ուղղված մի քանի ձեւակերպումներով, ինչպես օրինակ՝ «շնչի՛ր Դոնալդ, շնչի՛ր», «հաշվի՛ր մինչեւ տասը» եւ այլն, այնպիսի տպավորություն էր ստեղծել, որ Թերամփը չարաճճի մանուկ է, որին պետք է դաստիարակել: Այդ մարտավարությունը աշխատեց` առաջին հերթին ի հեճուկս Ռուբիոյի: Այսօր արդեն Քրուզը լրջագույն հայտ է ներկայացնում դառնալու Թրամփի դեմ պայքարի միասնական ջահակիրը:
Քրուզի պայքարի մարտավարությունը հայաստանյան իրականությունում խիստ խորթ է` չհաշված, իհարկե, որոշ բացառություններ: Նա ընտրարշավի մեջ ներգրավվեց ուղիղ մեկ տարի առաջ` ունենալով ընդամենը 5 տոկոսի հասնող աջակցություն: Իր համառության, հաստատակամության եւ հատկապես համբերատարության շնորհիվ այսօր Քրուզը հավակնում է վայելել իր «աստեղային ժամը» Թրամփին կասեցնելու գործում: Իսկ Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները մեծ մասամբ շտապողականություն են դրսեւորում` առանց հաշվի առնելու, որ գուցե պահը անհարմար է իրենց հաղթանակի համար: Օրինակ` 2008թ. Արթուր Բաղդասարյանը հաղթելու ոչ մի շանս չուներ, սակայն նախընտրեց մտնել ի սկզբանե պարտված պայքարի մեջ` թե՛ Տեր-Պետրոսյանից ձայներ գողանալով, թե՛ հետընտրական փուլում ցատկելով իշխանության նավի մեջ: Այնժամ, ի դեպ, խիստ հավանական էր, որ Բաղդասարյանի` ընդդիմադիր գործունեությունը նրան արդեն հաջորդ ընտրություններում կհասցներ նախագահական աթոռին: Բայց նա ոչ միայն համբերությամբ չգնահատեց իրավիճակը, այլեւ իր ճամբարափոխությամբ անվերադարձ փակեց քաղաքական հաջողության դուռը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՀՀ-ՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ 1.7 ՏՈԿՈՍՈՎ ՆՎԱԶԵԼ է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը 1.7 տոկոսով նվազել է: Պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 5.4 տոկոսով է նվազել, ոչ պարենային ապրանքներինը` 0.1 տոկոսով, իսկ, ահա, ծառայությունների սակագները 3.4 տոկոսով աճել են:

Նույն պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի 13.4-3.3 տոկոս գնանկումը:
Այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնանկում, ինչը պայմանավորվել է հագուստի եւ գործվածքի 2.8 տոկոս, գեղահարդարման ապրանքների 1.3 տոկոս, կոշկեղենի 1.1 տոկոս, վառելիքի 1 տոկոս, գրենական պիտույքների 0.9 տոկոս գնանկմամբ:
2016 թվականի փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5.3 տոկոս, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 2.6 տոկոս գնանկում: Իսկ, ահա, մսամթերքի շուկայում նշված ժամանակահատվածում գրանցվել է 6.1 տոկոս գնանկում: Այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, խոզի մսի գինը նվազել է 2.9 տոկոսով, խոզապուխտինը՝ 1 տոկոսով, տավարի մսինը, թռչնամսինը, նրբերշիկինը, տավարի փափկամսինը՝ 0.6 տոկոսով, պելմենիինը՝ 0.3 տոկոսով, աղացած մսինը՝ 0.2 տոկոսով:
Ի դեպ, նվազել են նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի գները. 2016 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 2.7 եւ 3.7 տոկոսով: Իսկ, ահա, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 11.6 եւ 14.4 տոկոսով:

Ս. Հ.

 

 

 
ՈՎ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում երբեմն առանց նախազգուշացման անջատում են էլեկտրական հոսանքը: Դա ազդում է էլեկտրական սարքավորումների, հատկապես համակարգիչների աշխատանքի վրա: Այն համակարգիչների տերերը, ովքեր էլեկտրական հոսանքի ապահովիչներ չունեն, կանգնում են իրենց տեխնիկան վնասելու խնդրի առաջ, քանի որ հոսանքի կտրուկ անջատումներից համակարգիչները հաճախ խափանվում են: 2015թ. ամռանը՝ ոռոգման սեզոնին, Նոյեմբերյանի ոռոգման համակարգի ձեռնարկության տնօրինությունը դժգոհել է, որ էլեկտրական հոսանքի կտրուկ անջատումներից վնասվել են Դեբեդից ջուր մղող ոռոգման պոմպերը: Տավուշի մարզի էներգետիկ համակարգի աշխատողներից տեղեկացանք, որ էլեկտրական հոսանքի հանկարծակի, շուրջ մեկրոպեանոց անջատման պատճառն այն է, որ այդ ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» միանում են Վրաստանի էներգետիկ համակարգին. կա՛մ մենք ենք հարեւան երկրին հոսանք մատակարարում, կա՛մ հակառակը: Իհարկե, համագործակցությունը լավ բան է, բայց դրա հետեւանքով շարքից դուրս եկած էլեկտրական սարքավորումների նորոգման հարցն ո՞վ պետք է հոգա:

 

 

ՎԱՐՈՐԴԸ ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Մարտի 4-ին՝ ժամը 9-ն անց 20-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 4.2 կիլոմետրում Սեյրան Նազլուխանյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել մետաղյա արգելապատնեշին եւ ընկել հարակից ձորը: Դրա հետեւանքով զոհվել է մեքենայի ուղեւորը՝ 1972թ. ծնված Արմեն Նազլուխանյանը, իսկ վթարից վիրավորվածները՝ մեքենայի վարորդ, 1962թ. ծնված Սեյրան Նազլուխանյանը, ուղեւորներ՝ 2002թ. ծնված Վահե Նազլուխանյանը, 1998 թ. ծնված Աստղիկ Նազլուխանյանը եւ 1979թ. ծնված Քրիստինե Խարազյանը տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: Վահե Նազլուխանյանը գլխի վնասվածքներ է ստացել, նրան Իջեւանի ԲԿ-ից տեղափոխել են Երեւանի բուժհաստատություններից մեկը: Դեպքի կապակցությամբ 2016թ. մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել է վարորդի սթափությունը: Տավուշի մարզի քննչական վարչությունից տեղեկացանք, որ ավտոմեքենայի վարորդ Սեյրան Նազլուխանյանը դեռեւս գտնվում է հիվանդանոցում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս