ԻՐԱՆԱԿԱՆ ՁՈՒԿԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆԻ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձուկ եւ ծովամթերք է արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սակայն հատկապես վերջին ամիսներին իրանցի առեւտրականների` ռուսական շուկայում ցուցաբերած ակտիվությունը լուրջ մտահագություններ է առաջացրել հայ ձկնաբույծների մոտ: Նրանց խոսքերով՝ նաեւ իրանական ձկնամթերքի` ռուսական շուկայում հայտնվելու արդյունքում ՀՀ-ից դեպի ՌԴ ձկնամթերքի արտահանումը զգալիորեն նվազել է:

ՌԴ-ն Իրանի հետ արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել դեռեւս 2014-ի դեկտեմբերին՝ ռուսական պատվիրակության Թեհրան կատարած այցի ընթացքում: Հանդիպման ժամանակ հաստատվել էր 18 իրանական ընկերություն, որոնք իրավունք էին ստացել ծովամթերք արտահանել ռուսական շուկա: Եւ ավելի քան մեկ տարի է, ինչ իրանցի առեւտրականները ծովախեցգետին, խավիար եւ տարբեր ձկնատեսակներ են արտահանում ռուսական շուկա: Իսկ մինչ այդ ռուսական շուկայում հիմնականում սպառվում էր թուրքական ձուկը:
Սակայն անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմի ռուսական Սու-24-ի խոցման հետեւանքով ռուս-թուրքական առեւտրային հարաբերությունները բավականին լարվեցին: Արդյունքում ՌԴ-ն սկսեց սանկցիաներ կիրառել թուրքական ապրանքների վրա: Թվում էր, թե այս սանկցիաներից շահելու է Հայաստանը, եւ տեղական արտադրողները պետք է մեծ քանակությամբ միս, մսամթերք, ձուկ, ձկնամթերք եւ բազմատեսակ գյուղմթերք արտահանեին դեպի ՌԴ: Սակայն հակառակը ստացվեց: Այս տարեսկզբին ռուսական կողմը արգելեց հայկական գյուղմթերքի, այդ թվում նաեւ մսի, մսամթերքի արտահանումը դեպի ՌԴ: Թեեւ ռուսական կողմը հայկական ձկնամթերքի արտահանման նկատմամբ արգելանք չի կիրառել, բայց տեղական արտադրողները տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են, որ ձկնամթերքի արտահանումը դեպի ՌԴ զգալիորեն նվազել է: Մինչ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը ռուսական շուկայում հայկական արտադրանքի լուրջ մրցակից էր համարվում թուրքական ձուկը: Իսկ հիմա թուրքականին փոխարինելու է եկել իրանական ձկնամթերքը:
Հայ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Ռուսական շուկայում տեղ զբաղեցնելու, այն պահելու համար պետք է ձկան ինքնարժեքը ցածր լինի: Մենք կարող էինք մտնել ռուսական շուկա, բայց այնպես ստացվեց, որ այնտեղ մեր փոխարեն տեղ գրավեցին իրանցի արտադրողները: Իրենք կարողացան ավելի էժան ձուկ առաջարկել ռուս գործարարներին: Եւ ՌԴ-ում ստեղծված տնտեսական վատ վիճակի հետեւանքով ռուս գործարարները, բնականաբար, պետք է գնեն էժան արտադրատեսակը: Նույնիսկ այդ ժամանակ ոչ ոք չի նայում որակական հատկանիշներին: Բացի այս՝ ռուսական կողմն էլ ունի ձուկ, աճեցնում է: Այնպես որ, մենք այդքան էլ հնարավորություններ չունենք ՌԴ-ում լայն տարածում գտնելու»:
Բունիաթյանի ներկայացմամբ՝ ձկնամթերքի արտահանումը դեպի ՌԴ մոտ 70 տոկոսով նվազել է: «Մեզ մոտ ձկան ինքնարժեքի գները շատ բարձր են, ձկնաբուծարանները չեն կարողանում այդ գներով աշխատել: Արտահանումը շատ է թուլացել, բացի այդ՝ գնողունակությունն է ընկել»,- մեծ ափսոսանքով նկատեց ձկնաբույծը:
Զրույցի ավարտին «Ժողովուրդ»-ը Բունիաթյանից հետաքրքրվեց՝ Սուրբ Զատիկին ընդառաջ ձկնամթերքի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Վերջինս կարճ պատասխանեց՝ ոչ:
Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնամթերքի շուկայում գրանցվել է 12.2 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ապխտած եւ աղ դրած «ստավրիդայի, սկումբրիայի»՝ 4.6, սառեցրած «խեկի»՝ 2.4, թարմ «իշխանի» 1.4 տոկոս գնանկմամբ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2015 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 2 մլն 200 հազար կգ ձուկ, մինչդեռ 2014 թվականին այս թիվը կազմել է ավելի քան 2.5 մլն կգ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ
ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի շուրջ: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական կողմը փախստականներ չի ընդունում Աֆղանստանից, Իրանից եւ Իրաքից: Նրա խոսքով՝ համաձայնագիրը մի շարք խնդիրներ կառաջացնի միջազգային իրավունքի եւ եվրոպական իրավունքի ոլորտում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը եւ Թուրքիան Բելգիայում կայացած գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հիմնական սկզբունքները: Փախստականների խնդիրների լուծման նպատակով Եվրամիությունը 3 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային:

 

 

ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ նախօրեին Իրանի զինված ուժերն իրականացրել են բալիստիկ երկու հրթիռի փորձնական գործարկում սեփական արտադրության հրթիռների փորձարկումների եզրափակիչ փուլի շրջանակում: Ինչպես հայտարարել է Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն՝ իրականացվել է մեծ, միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների գործարկում Իրանի տարածքի տարբեր կետերից: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ փորձարկումները չեն խախտում իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները, սակայն խախտում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւը:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ձգտելու է հասնել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների` հրթիռների փորձարկումների համար:

 

 

ԱՆԿՄԱՆ ՇԵՄԻՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է աշխարհում «տնտեսության փլուզման աճող ռիսկերի մասին» գրում է Financial Times-ը: ԱՄՀ տնօրենի առաջին տեղակալ Դեւիդ Լիփթոնը, ելույթ ունենալով բիզնեսի էկոնոմիկայի ազգային ասոցիացիայի նիստում, հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը գտնվում է «իսկապես դժվար վիճակում»:
Չինաստանի վիճակագրական տվյալներով՝ չինական ապրանքների արտահանման ծավալը 2016թ. փետրվարին նվազել է 25,4%-ով՝ հունվարյան 11,2% անկումից հետո ցուցադրելով 2009-ից ի վեր ամենազգալի անկումը: Լիփթոնի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը հասել է այն կետին, երբ նոր անկումը կարող է իրական դառնալ, եթե պետությունները միջոցառումներ չձեռնարկեն պահանջարկի խթանման համար:




Լրահոս