Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է իր քմահաճույքները բանեցնել. նա այս անգամ էլ որոշել է շուկայի 14 մուտքերը փակել՝ թողնելով միայն 2 գլխավոր մուտքը: Մինչ այս մոտ 10 հազար աշխատող ունեցող ոսկու շուկա կարելի էր մուտքուելք անել 14 մուտքերից, հիմա բոլորը փակ են:
Ու եթե հրդեհ լինի կամ այլ աղետ, ոսկու շուկայի աշխատակիցներն ու այնտեղ գտնվող գնորդ-քաղաքացիները չեն կարողանալու պարզապես դուրս գալ այդ երկու մուտքերից: Ինչո՞ւ է սեփականատերը այդպիսի որոշում կայացրել: ArmLur.am-ը փորձեց ճշտել Վաղարշ Աբրահամյանից:
– Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ եք 14 մուտքերը փակել՝ թողնելով 2 մուտք միայն:
– Բայց ո՞վ ասեց` մի հատ ա մնում, չորսը մուտք մնացել ա:
– Բա մյուսներն ինչո՞ւ եք փակել:
– Լավ ենք արել: Մարդիկ դժգոհում են, թող դատարան տան: Գրեք, թերթով խայտառակ արեք:
– Եթե վթար լինի, մարդիկ ո՞նց են դուրս գալու շենքից: Ի վերջո, խոսքը մի քանի հազար մարդու մասին է:
– Քո ի՞նչ գործն ա: Քաղաքացի ես` չորս հատ դուռ կա, դուրս արի, մնացած դռների մոտ էլ ախրաննիկները կանգնած են, կասեն: Ապակուց դռներ են, ջարդի, դուրս արի:
Այս տարօրինակ ու ագրեսիվ բացատրությունից հետո նա անջատեց հեռախոսը:
ArmLur.am-ը փորձեց աշխատակիցների պարզել` ինչպե՞ս է հնարավոր 4 մուտքերից դուրս գալ, և արդյո՞ք իրականում ոչ թե 2 այլ 4 մուտք է մնացել: Պարզվեց, որ Վաղարշ Աբրահամյանի ասած 4 բաց և թուլատրելի մուտքերից մեկը ճաշարանի մուտքն է, որտեղ սննդամթերք է մատակարարվում ճաշարանին, մյուս մուտքը «Արարատ» բանկինն է, այսինքն՝ մարդիկ պետք է մտնեն բանկի ներսով դուրս գան:
Եվ իրականում ընդամենը 2 գլխավոր մուտքերն են մնացել: Այսպիսով, Վաղարշ Աբրահամյանն իրեն ստրկատեր է պատկերացնում: Նա 21-րդ դարում մոտ 10 հազար ստրուկ ունի և նրանց հետ վարվում է՝ ինչպես խելքը փչի: Ու Հայաստանում, կարծես թե, չկա մեկը, որ նրա ձեռքը բռնի:
Ի դեպ, շուկայում խոսվում է այն մասին, որ Վաղարշ Աբրահամյանի՝ այս չլսված-չտեսնված որոշումը կապված է նրա բիզնես-գործունեության ծաղկման հետ: Այսպես, հնարավոր և միակ վարկածն այն է, որ Վ. Աբրահամյանն այսկերպ փորձում է շուկայի ճաշարանի մթերքներն ավելի արդյունավետ իրացնել: Բանն այն է, որ աշխատակիցների մեծ մասը դրսից է պատվիրում ընդմիջումների համար նախատեսված ուտելիքը, և որպեսզի վերջիններս օգտվեն միայն ներսից, Աբրահամյանը նման «փայլուն» գաղափար է մտածել: Այսկերպ առաքիչները հնարավորություն չեն ունենա ներս մտնել շուկա, քանի որ դուռը, որով նրանք կարող էին մտնել, հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից:
Վերջում հիշեցնենք, որ Վաղարշ Աբրահամյանը 2014-ի սեպտեմբերի 25-ին ջարդուփշուր արեց ոսկու շուկայի աշխատակիցների սեղանիկները այն բանի համար, որ համարձակվել էին Կառավարության շենքի առջև բողոքի ձայն բարձրացնել: