Ի վերջո, որքա՞ն գազ է ներկրվել Հայաստան. Գազպրոմ Արմենիայի և ՀԾԿՀ-ի թվերը տարբերվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը «Ժողովուրդ» օրաթերթի «Սպառումը նվազել է, կորուստներն` աճել» հրապարակման վերաբերյալ հետեւյալ պարզաբանումն է ուղարկել.

«Հարգելի խմբագրություն, մարտի 13-ին հրապարակված «Գազի սպառման ծավալները նվազել են, կորուստները՝ աճել» հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ի տարբերություն նյութում հրապարակված թվերի, Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2015թվականին կազմել է 2 մլրդ 392մլն խորանարդ մետր , որից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գազի ծավալը՝ 2 մլրդ 20 մլն խորանարդ մետր: Նույն ցուցանիշը 2014 թվականի համար կազմել է համապատասխանաբար 2 մլրդ 450 մլն խորանարդ մետր:

Հետևաբար 2015 թվականի համար ներկրման ծավալները նվազել են 58 մլն խորանարդ մետրով՝ հոդվածում հրապարակված 79 մլն 100 հազար խորանարդ մետրի փոխարեն: Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական տվյալների, 2015 թվականին գազի համակարգում կորուստները կազմել են 138 մլն 184 հազար խորանարդ մետր, 2014 թվականին՝ 144 մլն 353 հազար խորանարդ մետր: Արդյունքում համակարգում կորուստները ոչ թե աճել են, այլ նվազել են 6 մլն 169 հազար խորանարդ մետր ծավալով: Այսպիսով, վերլուծական նյութում ներկայացված 148 մլն 900 հազար խորանարդ մետր հաշվարկած կորուստի և պաշտոնապես արձանագրված կորուստի ցուցանիշների տարբերությաբ արտահայտված սխալանքը Հայաստան ներկրված գազի պարագայում կազմում է ավելի քան 10 մլն խորանարդ մետր, ինչը անհիմն է և չի համապատասխանում արտադրատնտեսական իրական ցուցանիշներին:

Ինչ վերաբերում է հոդվածում բնորոշված կորուստների աճի հաշվին «ձախ ճանապարհով» գազ վաճառելու ենթադրությանը, ապա «Գազպրոմ Արմենիա» -ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որպես բիզնես կառույց և իր շահույթով հետաքրքրված ընկերություն, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին՝ հստակ տեղեկություն ունենալով թե կորուստների փաստացի թվերի, թե վաճառվող բնական գազի ծավալների վերաբերյալ: Ավելին, եթե տեղեկություններ կան այսպես ասած «արտոնյալ բաժանորդների» մասին, ապա կխնդրենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և մենք ձեզ հետ միասին հետամուտ կլինենք խնդրի պարզաբանմանը»:

Հարկ ենք համարում նկատել, որ նյութում բերված թվերը վերցված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված հաշվետվությունից: Ուստի, այն փաստը, որ Հայաստան ներկրված գազի` «Գազպորմ Արմեիայի» եւ ՀԾԿՀ-ի կայքում հրապարակված թվերը տարբեր են, այս երկու կառույցների պարզելու հարց է:




Լրահոս