Օմբուդսմենը զինդատախազության կողմից բանակում մահվան դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խմբին կմիանա, եթե բավարարվեն իր 3 պայմանները:
Այս առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
“Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն եւ մասնակցության հրավեր էր հղել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին:
Պաշտպանը դեռեւս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը եւ Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաեւ ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ:
Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռեւս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ: Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների եւ հանրության վստահությունը խիստ անբավարար է: Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը եւ վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:
Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Զինվորական դատախազության նախաձեռնությունն ինքնին դրական է: Այդուհանդերձ, Պաշտպանը պատրաստ է իր ներկայացուցչին ներգրավել աշխատանքային խմբում, եթե.
1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո,
2. աշխատանքային խմբի գործունեության ձեւաչափը եւ աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից,
3. հստակեցվի, թե ինչ իրավական հետեւանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները եւ ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները: