Ապրիլի 9-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ապրիլի 9-ին համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:

«Համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են` մեր համաքաղաքացիներին համախմբելու և բոլորով միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցություն ունենալու համար: Վերջին տարիների փորձը նաև ապացուցել է, որ մեր բնակիչներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին և տարեցտարի ավելի շատ մարդիկ են մասնակցում: Նաև նկատել եմ, որ յուրաքանչյուրն ավելի սրտացավ է դառնում իր տնկած ծառի, թփի նկատմամբ, ինչն իսկապես ողջունելի է: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր մյուս համաքաղաքացիներին, պետական ու հասարակական կազմակերպություններին ևս կոչ եմ անում ակտիվ մասնակցել ապրիլի 9-ի ծառատունկ-շաբաթօրյակին»,- նշել է քաղաքապետը:

Հանձնարարվել է գույքագրել և որոշակիացնել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է կազմակերպել ծառատունկերը, այդ թվում նաև բոլոր այն հատվածները, որոնք, նախորդ տարվա աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված, վնասվել են: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է գարնանային ծառատունկերի և շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել Ծիծեռնակաբերդի լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները:

«Իհարկե, նշածս այս երկու տարածքները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք այդտեղ անելիք չունենք: Ասել եմ ու կասեմ, այն, ինչը վերաբերում է Երևանին, անկախ դրա պատկանելությունից, պետք է լինի նաև մեր հոգածության տակ: Ըստ այդմ, համագործակցելով Թանգարան-ինստիտուտի և Բուսաբանական այգու տնօրինությունների հետ, հնարավորին աջակցեք տվյալ տարածքների կանաչապատմանն ու խնամքին», – նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաև ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել:




Լրահոս