Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին իրազեկմանը:

«Վերջին տարիներին մենք բավականին պարզեցրել ենք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն ենք ստեղծել: Բայց մինչ օրս այդ եղանակով որևէ դիմում չի ստացվել, ինչը փաստում է, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Պետք է պարբերաբար իրազեկենք մեր համաքաղաքացիներին թե՛ քաղաքաշինական փաստաթղթերի պարզեցման և թե՛ դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորության մասին: Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք, որպեսզի ապօրինություններն ու հողազավթումները բացառվեն: Պարբերաբար նաև ներկայացրեք հայտնաբերված ապօրինաշինությունների քանդման աշխատանքները և կիրառված տուգանքները, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ցանկացած ապօրինություն օրենքով սահմանված կարգով պատժվելու է», – ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է նաև չգործող 6 կրպակ:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հսկողության տակ պահել հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը՝ դրան զուգահեռ նաև հորդորելով քաղաքացիներին աղբը չնետել հեղեղատարների մեջ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ նախկինում գույքագրված, մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող ապանոնտաժված գովազդային 16 վահանակների մի մասը տեղափոխվել է համապատասխան թույլատրելի տարածք, մյուսներն էլ պահեստավորվել են:




Լրահոս