«Ենգիբարյանի դիմախաղային գողտրիկ տեսարաններն առանց բառերի զարմանալի պատմվածքներ են մարդու ուրախության ու տխրության մասին: Ենգիբարյանը շարժման մեծ բանաստեղծ է: Նա հանճար է: Նրա անունը կմնա որպես լեգենդ»,- կրկեսի հայ մեծ դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի մասին նման կարծիք է հայտնել ֆրանսիացի հռչակավոր դերասան, ծաղրածու Մարսել Մարսոն:
Վերջինս միակը չէր, որ մարգարեացավ Ենգիբարյանի ապագայի մասին կանխատեսումներ անելիս: Այսօր` անվանի արտիստի ծննդյան 81-ամյակին, «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ով եղել է Ենգիբարյանի աշակերտը: Իսկ քանի որ վերջինս, առհասարակ, որեւէ ուսումնական հաստատությունում չի դասավանդել, մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ Սոս Պետրոսյանն աշակերտել է նրան. «Ենգիբարյանին տարբեր տեղերից կանչում էին իրենց մոտ դասավանդելու, չէր գնում, չէր սիրում: Իսկ մեր շփումը սկսվել է 1966-ին, երբ կրկեսի հայկական կոլեկտիվը գտնվում էր Թբիլիսիում: Ես մոտեցա իրեն, ցույց տվեցի իմ հնարքները, նա ասաց` դու կլինես երկրորդ հայը, որ կընդունվի Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Արդեն 1970-ին՝ ավարտական քննությունների ժամանակ, նա եւս ներկա էր, եւ երբ տեսավ իմ համարը, հիշեց, եկավ կուլիսներ, ասաց, որ ինձ վերցնում է հայկական կրկեսի կոլեկտիվ (այն ժամանակ ինքն էր կոլեկտիվի ղեկավարը), դրանից հետո ինքն անընդմեջ ուղղորդել է ինձ իմ մասնագիտության մեջ»,-պատմեց պարոն Պետրոսյանը:
Նրա խոսքով` հենց Ենգիբարյանն էր, որ իրեն խորհուրդ տվեց կրկեսային համարներում մտցնել ազգայինի տարրը. «Եթե մյուս ձեռնածուները գնդակով կամ օղակով հնարքներ էին անում, նա խորհուրդ տվեց ինձ հանդիսատեսին ներկայանալ հայկական դհոլներով եւ փափախներով: Ես ընդունեցի այն եւ Ենգիբարյանի բեմադրած համարով հյուրախաղերով ելույթներ ունեցա աշխարհի 120 երկրներում»:
Ս. Պետրոսյանը պատմեց, որ արդեն 1970-ի դեկտեմբերին իրենք Երեւանում աշխատում էին անշլագներով. «Նրա կողքին ամեն օր կրթվում էի: Ենգիբարյանն ինձ ասում էր՝ միայն հնարքը քիչ է, դերասանություն է պետք, դերասանություն: Նա չէր կարող հենց այնպես ելույթ ունենալ` հանդիսատեսին զուտ ծիծաղեցնելու համար, նրա համար կարեւորը դրամատուրգիան էր»,-շեշտեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Նա հիշեց, թե ինչպես է իրեն մի անգամ հաջողվել լինել ոչ միայն Ենգիբարյանի աշակերտը, այլեւ խաղընկերը. «Բռնցքամարտի հայտնի համարը նա խաղում էր հաղթանդամ Ալբերտ Մինասյանի հետ: 1971-ին Բաքվի կրկեսում ելույթ պետք է ունենային, բայց Ալբերտը հանկարծակի հիվանդացավ: Ենգիբարյանը պետք է այդ համարով ներկայանար, բայց ու՞մ հետ, ոչ ոք չկար: Նա գիտեր, որ ես այդ համարը ծայրից ծայր հիշում եմ, ասաց. «Հենց դու էլ կխաղաս»: Այդպիսով Բաքվում մեկ շաբաթով ես դարձա նրա խաղընկերը, ինչը, իհարկե, մեծ պատիվ էր ինձ համար»:
Պարոն Պետրոսյանի խոսքով՝ կրկեսի հայկական կոլեկտիվի բոլոր անդամները միշտ դիտում էին Ենգիբարյանի խաղը, քանի որ վերջինս ամեն անգամ տարբեր կերպ էր ներկայացնում թեկուզ նույն, ամենքին հայտնի համարները. «Մենք մնում էինք, որ տեսնենք, թե այդ օրը ի՞նչ պետք է անի…»:
Խոսելով Ենգիբարյանի հանճարի մասին` Ս. Պետրոսյանը նկատեց. «Հայտնի է, որ կրկեսային ծաղրածուն հիմնականում «լցնում է» դերասանների դադարները: Օրինակ` երբ կրկեսի արտիստը ելույթ է ունենում գիշատիչների հետ, դրանից հետո ծաղրածուն պետք է զբաղեցնի հանդիսատեսին, մինչեւ որ բեմից վանդակները տանեն: Իսկ Ենգիբարյանի դեպքում ոչ թե ինքն էր լրացնում այդ դադարները, այլ մենք` դերասաններս էինք «լցնում» իր պաուզաները: Եվ հետո` նա ասում էր՝ իմ ելույթից առաջ մանեժում (կրկեսային բեմ) ոչինչ չպետք է լինի: Օրինակ` դհոլներով համարիցս հետո երկու դհոլ մնում էր բեմում, բանվորները պետք է գային դրանք տանեին, որ Ենգիբարյանը մտներ: Նրա ամեն համարը մինիատյուրա էր, արվեստի գործ, ուստի իր ելույթից առաջ բեմը պետք է, այսպես ասած, մաքուր լիներ»:
Ս. Պետրոսյանի խոսքով` Ենգիբարյանի հանճարը դեռեւս ուսումնասիրության կարիք ունի, բայց կա մի բան, որ անհերքելի է. «Նա կրկեսային ծաղրածուների մեջ առաջինն էր, որ միացրեց կրկեսային հնարքը դերասանի վարպետության հետ»:
Հ.Գ. 2015-ին լրացավ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը, որը, ցավոք, պետականորեն չնշվեց: Փոխարենը Երեւանի կրկեսը Մնջախաղի թատրոնի հետ նշեց այդ հոբելյանը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգից Հայաստան հրավիրվեց «Իմպերիալ» շապիտո-կրկեսը: Այսօր` մարտի 15-ին, լրանում է Ենգիբարյանի 81-ամյակը, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Սոս Պետրոսյանը, պետությունը կրկին ոչինչ չի անում այս օրը նշանավորելու համար: «Վերջին անգամ մշակույթի նախարարության ջանքերով նշվել է Ենգիբարյանի 75-ամյակը, դրանից հետո նախարարությունում այդ հարցով չեն զբաղվել: Ի դեպ, Ենգիբարյանի 80-ամյակի շեմին ես գրություն էի ուղարկել մշակույթի նախարարություն, որպեսզի համատեղ նշենք այդ հոբելյանը, սակայն իմ առաջարկը, ցավոք, մնաց անարձագանք»,-ափսոսանքով նշեց Ս. Պետրոսյանը:
Գոնե այս տարի նախարարությունը կարող էր պետպատվերի շրջանակներում գումար հատկացնել, օրինակ, Ենգիբարյանին նվիրված հատուկ բեմադրության համար, բայց չարվեց: Իսկ, ահա, կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի շրջանավարտների ուժերով երկու խմբեր դերասանի 81-ամյակի առթիվ կմեկնեն մարզեր, այդ թվում` Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, ելույթներ կունենան գյուղերի ժողովրդի, զորամասերի համար:
Ի դեպ, արտիստի անվան ստուդիա-դպրոցում այժմ լայնամասշտաբ ընդունելություն է ընթանում, ուսումն էլ այստեղ անվճար է:
Աննա Բաբաջանյան