Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար և տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է փաստել, որ հայ-հունական դարավոր ջերմ հարաբերությունները ոչ միայն պահպանվել են, այլև պետական և քաղաքական հարաբերությունների փուլ են թևակոխել, ինչում, Նախագահի համոզմամբ, ակնհայտորեն կարևոր դերակատարում ունի հունահայ համայնքը: «Անթաքույց հպարտության պահեր եմ ապրում, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,-ասել է Նախագահը։

Հայ-հունական հարաբերություններից բացի, Նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25-ամյակը նշող մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին և գերակա ուղղություններին, Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին, տարածաշրջանային և միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան-Սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում` Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլև 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանության ժխտումը:

Երբեք չենք մոռանա Հունաստանի և հույն ժողովրդի անգնահատելի աջակցու-թյունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում: Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի և Թրակիայի ընդարձակ տարածքներում և այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը։

Այսօր նույնպես մենք ականատեսն ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործուն մասնակցությանը Հայոց ցեղասպանության հիշատակմանը, մասնավորապես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մենք ուշի ուշով հետևում էինք համայնքում իրականացված աշխատանքներին և, այս առումով, կցանկանայի առանձնակի շնորհակալություն հայտնել տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբին, նրա աջակիցներին, բոլոր կառույցներին, անհատներին՝ ձեռնարկներն այդչափ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ 100-րդ տարելիցը մի հանգրվան է, որտեղից մեր պայքարը նոր թափ է առնելու: Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված և համակարգված առաջ տանելու համար։

Սիրելի՛ ներկաներ,

Մենք իսկապես ունենք միայն երկու մնայուն արժեք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ ածանցվում է սրանից։ Հետևաբար մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված և ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման և լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետևողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային և հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին նախևառաջ հզոր Հայրենիքն է: Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան:

Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, և Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց։ Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության կոչին միացան նաև աշխարհասփյուռ հայկական համայնքները, այդ թվում նաև դուք, ինչի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թեթևացնել նրանց առօրյա խնդիրները՝ հատկապես Սիրիայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի և մեծ շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, նվաճումներ ու կորուստներ: Անցած 25 տարիները լի էին բազում դժվարություններով և անելանելի թվացող իրավիճակներով։ Մենք անկախացանք իսկապես դժվարին պայմաններում՝ երկրի հյուսիսը պատուհասած ավերիչ երկրաշարժը, մեզ պարտադրված պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը, դրան գումարած քաղաքական ու տնտեսական համակարգի արմատական բարեփոխումների հրամայականը բազում մարտահրավերների առաջ էին կանգնեցրել մեզ: Բայց մենք չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։

Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երևույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարևոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում: Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից` չնկատելով ձեռքբերումները: Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, և բոլորս` մեր միասնական ու համատեղ աշխատանքով։

Չնայած դժվարություններին՝ անկախության այս մեկ քառորդ դարում մենք հաջողություններ ենք արձանագրել, որոնք մեր զարգացման ուղին անդառնալի են դարձնում: Ձևավորել ենք ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներ: Այս 25 տարիների ընթացքում մեր երկիրը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իր համեստ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Հավասարակշռված, թափանցիկ և հետևողական արտաքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք խուսափել լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումներից՝ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելով մեր տարածաշրջանում ներգրավված տարբեր ուժերի հետ:

Այդուհանդերձ, պետականաշինությունը շարունակական գործընթաց է. ժողովրդավարական ինստիտուտները, օրենսդրական դաշտը պետք է մշտապես կատարելագործվեն՝ լավագույնս ծառայելով մեր քաղաքացիներին ու մեր նպատակների ձեռքբերմանը: Դուք գիտեք, որ վերջերս մենք կարևորագույն փոփոխություններ կատարեցինք Հայաստանի Մայր օրենքում` Սահմանադրությունում: Այս գործընթացով մենք թևակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որն իմ խորին համոզմամբ մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար։ Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում, տեսնում ու չենք թաքցնում մեր արատներն ու առաջ գնալու հստակ քայլեր ենք անում»,- Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:




Լրահոս