Քաղաքային ոստիկանապետը հետ է կանգնում իր խոսքերից. ազատամարտիկի հարազատները վրդովվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցել իր վերադասին։ Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին։

Պատճառն այն էր, որ Արմանն, իբրեւ թե, ուղեւոր էր գողացել երթուղայինից։ Այս ծեծի հետեւանքով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը փակվել էր, երթուղու աշխատանքը դադարեցվել, քանի որ Արմանի ազգականներն ու հոր ազատամարտիկ ընկերները պահանջում էին ներողություն խնդրել Արմանից։ Վարորդի հայրը Վարդենիսում հայտնի ազատամարտիկ, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանն է՝ Հեբո անունով։ Ու քանի որ բախումը եղել էր Ֆառի հետ, որը հեղինակություն է, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը քաջ գիտակցում է, որ համարձակությունը չի ների նրա դեմ դուրս գալ եւ ծեծին իրավական ընթացք տալ, անիմաստ ինչ որ նյութերի նախապատրաստման գործողություն է սկսել, դրա համար էլ որոշել է ստել։

12834765_980342858726180_1248308498_n
Ազատամարտիկ Գառնիկ Խչեյան (Հեբո)

Նկատենք, որ ոստիկանապետ Ղամբարյանը, որը դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է, թե լուրջ բան չկա, ,հարբեցողի տղու են ծեծելե, ,շոֆերի կռիվ էե, ,ինչ ազատամարտիկե։ Երբ այս մասին հրապարակվեց, ոստիկանապետը զգացել է իր շաղ տված բառերի լրջությունը եւ որոշել է սովորության համաձայն, հետ կանգնել խոսքերից: Նա բոլոր հնարավոր խողովակներով փորձում է հավաստիացնել ազատամարտիկի հարազատներին, թե նման բան չի ասել որեւէ մեկին:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով բարձրացած աղմուկը եւ ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի՝ Հեբոյի մարտական անցյալը, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նրա կենսագրության որոշ տվլաներ, որպեսզի մեկընդմիշտ փակվի ոստիկանապետի կողմից հրապարակ նետված ամոթալի թեման:

Եւ այսպես, Գառնիկ Մուկուչի Խչեյանը՝ Հեբո, ծնվել է 1956թ-ին: Արցախյան ազատամարտի 2-րդ կարգի հաշմանդամ վետերան է:

Կամավոր հիմունքներով ակտիվորեն մասնակցել է 1991-93թթ. Վարդենիսի սահմաններում եւ Արցախում ծավալված պաշտպանական գործողություններին: Իր ծառայությունը համարելով իսկական պարտքի կատարում հայրենիքի հանդեպ՝ դրական օրինակ է ծառայել շատ շատերին եւ իր հետեւից մարտի դաշտ տարել համախոհների մի ամբողջ խումբ:

Եղել է կարգապահ, խստաբարո, օրինակելի ծառայող: Թույլ չի տվել ոչ մի հակահասարակական արարրք: Լինելով կամավորական ջոկատի հրամանատար, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Օմարի լեռնանցքում, Քելբաջարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրման պայքարին: Բացի մարտական գործողություններին ունեցած իր անմիջական մասնակցությունից, Գառնիկ Խչեյանը Արցախի բնակչությանը մատակարարել է այլ կարգի ծառայություններ: Իր կողմից դրամական ներդրումներ է արել այդ տարիներին ստեղծված Արցախի պաշտպանության օգնության ֆոնդին, մի քանի անգամ բարեգործական ակցիաներ է կազմակերպել՝ վերը նշված գյուղերի բնակիչներին մատակարարելով այլուր, հաց եւ այլ տեսակի սննդամթերքներ:

1. ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թիվ 164 հրամանով
պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» կրծքանշանով

2. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից 2007թ. մայիսի 4-ի հրամանագրով մարտական ծառայության մեդալ է ստացել

3. 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից՝ հուշամեդալ

Իր բարոյական բնավորության եւ մարդասիրական դրսեւորումների շնորհիվ Գառնիկ Խչեյանը մեծ մեծ հեղինակություն, հարգանք եւ համակրանք է վայելում ոչ միայն երկրապահ կամավորականների, սպայական կազմի, այլեւ Վարդենիսի եւ Արցախի ողջ հասարակության շրջանում:

Թեմայի մանրամասները, ինչպես նաեւ ոստիկանապետ Ղամբարյանի հետ զրույցը կներկայացնենք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս