«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանի Հյուսիսային ավտոկայանում ազատամարտիկի որդուն դաժան ծեծի ենթարկելու գործով կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչները հանդիպել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ եւ պատիվ պահանջել նրանից:
Ինչպես արդեն գրել էինք՝ մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին: Բանն այն է, որ Արման Խչեյանը Երեւան-Վարդենիս եւ հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղեւոր է խլում:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ:
-Պարո՛ն Ղամբարյան, տեղյակ չլինելով, թե ինչ միջադեպ է եղել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, Ձեր վերադասներին սուտ տեղեկություններ եք զեկուցել, ինչո՞ւ:
-Դուք սխալ եք այդ տեղեկությունը հրապարակել, իսկ ինչ հարց ունեք, դիմեք մեր լրատվական վարչություն:
-Ինչպե՞ս թե սխալ: Այդ դեպքում կբացատրե՞ք, ոստիկանության առավել բարձր ատյաններում ինչպե՞ս է տեղեկություն հասել, թե լուրջ բան չկա, «հարբեցողի» թեմա է:
-Դուք սխալ տեղեկություն եք հրապարակել, մթամ ես ասել եմ՝ հարբեցող է: Չկա տենց բան:
-Դուք դեպքի օրը Վարդենիս քաղաքում չեք եղել:
-Դա ինչ կապ ունի:
-Չլինելով դեպքի վայրում՝ ումի՞ց եք տվյալներ ստացել կատարվածի մասին: Դուք իրավիճակին, կարծես թե, ճիշտ գնահատական չեք տվել»:
Հարցազրուցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: