Ի՞նչ նպատակ է հետապնդում Պուտինը. Հայաստանը մտածելու շատ բան ունի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայից Ռուսաստանի զինուժի դուրսբերման մասին Պուտինի հրամանը, անկասկած, միջազգային լրահոսի առաջնային նշանակության իրադարձություն է: Ում համար էր այն անսպասելի, իսկ ում համար էր այդ իրադարձությունը միանգամայն սպասված՝ դժվար է ասել, սակայն, բնականաբար, առավել կարեւոր է այն, թե ում համար ինչ հետեւանք է ունենալու այդ զարգացումը:

Խնդիրը ոչ այնքան բուն ռուսական զինուժի ներկա-բացական է, որքան այն պատճառները եւ մոտիվները, որոնք բերել են Պուտինի նման որոշման: Այսինքն՝ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ շրջանակ է ներառում այդ որոշումը՝ այն զուտ ռուսական մենեջմե՞նթ է, երբ ՌԴ իշխանությունը նպատակահարմար է գտնում թեթեւացնել սիրիական ծախսերը, որոնք առանց այդ էլ դժվարին տնտեսական վիճակում հայտնված ՌԴ-ի համար ծանր բեռ են, թե՞ միջազգային պայմանավորվածությունների եւ գործընթացների արդյունք, փոխզիջում Միացյալ Նահանգների հետ:

Ի՞նչ ազդեցություն է ունենալու Ռուսաստանի զինուժի դուրսբերումը Սիրիայի իրադարձությունների վրա, թուրք-ռուսական հարաբերության վրա, որը սկսեց սրվել հենց սիրիական թատերաբեմում ՌԴ զինուժի հայտնվելուց հետո:

Հայաստանի համար գերկարեւոր է, թե ինչ ազդեցություն կունենա նոր զարգացումը սիրիահայության վրա, որ մոտ երկու տասնյակ հազարի չափ դեռեւս շարունակում է գտնվել Սիրիայում:

Միաժամանակ, Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր հարց է եւ այն, թե արդյոք Պուտինը զինուժը Սիրիայից դուրս է բերում, այսպես ասած, վերախմբավորելու եւ այլ տեղում կիրառելո՞ւ համար: Առավել եւս, որ վերջին շրջանում Ռուսաստանը սկսել է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում իր ռազմական ներկայությանը, միաժամանակ տագնապալի ակնարկներ են լինում ռուս-թուրքական կոնֆլիկտի կովկասյան ուղղությամբ ծավալման հեռանկարների մասին:

Վերջին հաշվով հետաքրքրական էր, որ Ռուսաստանը Սիրիա մտավ Ուկրաինայից ըստ էության դուրս գալով, եւ քանի որ այժմ դուրս է գալիս Սիրիայից, փորձագիտական հանրության մեծ մասը իրավացիորեն, թեկուզ կեսկատակ-կեսլուրջ, հարցնում է՝ այս անգա՞մ ուր է պատրաստվում մտնել Պուտինը:

Մեկ այլ հետաքրքրական հարց է եւ այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը սիրիական ուղղությամբ Պուտինի մտադրությունների մասին գիտե՞ր կամ կռահո՞ւմ էր որեւէ բան, երբ մարտի 10-ին Մոսկվայում նրա հետ հանդիպմանը հատուկ ընդգծեց Սիրիայում Ռուսաստանի գործողություններին անվերապահորեն աջակցելու մասին: Սարգսյանը գիտե՞ր, որ Պուտինը մի քանի օր անց պատրաստվում էր ըստ էության դադարեցնել գործողությունները Սիրիայում:

Հարցերն իսկապես շատ են, որոնց պատասխանների զգալի մասն, իհարկե, կտա միայն ժամանակը, իրադարձությունների հետագա զարգացումը:

Ավելորդ է ասել, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենաանկանխատեսելի զարգացումներին, կամ ավելի շուտ՝ Հայաստանի համար չպետք է լինի անկանխատեսելի զարգացում, անակնկալ զարգացում: Հայաստանն իրավունք չունի իրեն թույլ տալ անակնկալի գալու «ճոխություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս