Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ստեղծված վիճակը լավագույնս արտացոլում է Հայաստանում առկա բարոյաքաղաքական ճգնաժամը: Հուլիսի 14-ին գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության համար ծավալվող պայքարն ի ցույց է հանում ժողովրդավարությունից եւ բարձր արժեքներից խոսող գործող իշխանության հայտարարությունների եւ իրական գործելաոճի միջեւ առկա խզումը: Այն, որ Հանրապետականը թույլ տվեց, որպեսզի Պռոշյանի սպանված գյուղապետի հետ հակասություններ, պռոշյանցիների հավաստմամբ` անգամ թշնամանք ունեցող ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը նորից առաջադրվի, ցույց է տալիս, որ իշխող կուսակցության համար միեւնույն է, թե դրանից հետո ինչպիսի զարգացումներ կլինեն գյուղում: Ըստ երեւույթին ՀՀԿ-ում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթային մտքերից սերտել են միայն` «հանրապետականները պետք է լինեն ամենուր» անհասկանալի հանձնարարականը: Սակայն, ի տարբերություն ավելի մեծ մասշտաբի` համաքաղաքային կամ համապետական ընտրությունների, գյուղական ընտրությունների արդյունքում ձեւավորված թշնամանքը շատ ավելի դժվար է հարթվում. ի վերջո, գյուղն ավելի փոքր միավոր է, եւ գյուղացիների շփումներն էլ միմյանց հետ առավել հաճախակի են, քան քաղաքներում: Ուստի արդեն իսկ ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի «դաբրոյով» Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմենուհի Մելիքյանի դեպքից հետո ՀՀԿ-ականները պետք է համապատասխան եզրակացություններ անեին: ՀՀԿ-ականների խոփը Պռոշյանում քարին դեմ առավ. գյուղացիներն իշխանություններին խայտառակ ապտակ հասցրեցին` չընդունելով նրանց դրածոյին եւ այնպես անելով, որ նա ինքնակամ հեռանա այդ պաշտոնից: Եվ հիմա, Արթուր Մուրադյանին աջակցելով, հանրապետականները, փաստորեն, ամեն գնով փորձում են իրենց իշխանությունը հաստատել նաեւ այս գյուղում, որն անցած տասնյակ տարիների ընթացքում դուրս էր մնացել նրանց վերահսկողությունից` շնորհիվ գյուղի նախկին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի, որի սպանության գործը, ի դեպ, շատերի համոզմամբ, մինչեւ վերջ դեռ բացահայտված չէ: Եվ նախօրեին ինքնաբացարկ հայտնած գյուղապետի թեկնածու Ցոլակ Գրիգորյանի հնչեցրած ահազանգը, թե «Պռոշյանում ստեղծվել է լարված եւ պայթյունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: Գյուղը բաժանված է երկու բեւեռի, որոնք խորացնում են առկա ճգնաժամը եւ ընտրական գործընթացը տանում են ոչ ընդունելի ուղղությամբ», պետք է մտահոգի ոչ միայն Հանրապետական կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին, այլեւ «Հայ հեղափոխական դաշնակցության»-ը. ի վերջո, այդ քաղաքական ուժերը, ելնելով իրավիճակային շահերից, վաղը-մյուս օրը կրկին կարող են դաշնակիցներ դառնալ` իշխելով նույն կոալիցիայում, իսկ պռոշյանցիների միջեւ նրանց կողմից հրահրված թշնամանքը դեռ երկար կմնա:
ԳՅՈՒՂԸ ՄԻ՛ ՔԱՆԴԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ