Չպետք է սպասենք մեկ ուրիշը նկատի և մատնացույց անի. Տարոն Մարգարյանը` աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015 թվականին վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել:

«Վերահսկողության վարչությունն այն օղակն է, որը պետք է հետևողական լինի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկատմամբ: Ու ձեր առաջնահերթություններից մեկն էլ պետք է լինի թերացումները վերհանելը: Եղեք ավելի ուշադիր և տարբեր օղակներում նկատված թերացումները ներկայացրեք պատասխանատուներին, որ աշխատանքներ տանեն դրանց շտկման ու վերացման ուղղությամբ: Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք ու շտկենք, ոչ թե սպասենք, որ մեկ ուրիշն այն նկատի և մատնացույց անի»,– ընդգծել է քաղաքապետը:

Գոհունակություն հայտնելով մանկապարտեզներում սննդի որակի և պահպանման պայմանների ուղղությամբ վարչության կողմից իրականացվող մշտական հսկողության արդյունքներից՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել նաև մայրաքաղաքի ներառական կրթության և գիշերօթիկ դպրոցներ մատակարարվող սննդի որակը: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է վերահսկել նաև մանկապարտեզներում հերթագրման էլեկտրոնային համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը:

«Այս մասով եղեք հետևողական և ուշադիր, որ իրենց հերթին սպասող բոլոր երեխաները ճիշտ ժամանակին ընդունվեն մանկապարտեզ» ,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով համատիրությունների աշխատանքին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել նաև դրանց գործունեության ուղղությամբ:

«Համատիրությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ և վերահսկելի: Սա այն օղակն է, որ մշտական կապի մեջ է բնակչության հետ և պարտավոր է հաշվետու լինել մեր համաքաղաքացիներին: Մանրակրկիտ ուսումնասիրեք համատիրությունների գործունեությունն ու վերհանեք բոլոր այն թերացումները, որոնք առկա են այդ կառույցների աշխատանքում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների մասով էլ քաղաքապետը հանձնարարել է դրանցում բարձրացվող խնդիրները դասակարգել ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես որ ոլորտների աշխատանքներում կա թերացումների վերացման առաջնահերթ անհրաժեշտություն:

«Քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերով բնակիչների կողմից ստացվող ահազանգերի հետ կապված շարունակեք հետևողական հսկողությունն ու հետևեք, որ բարձրացվող խնդիրներն անպայման լուծում ստանան: Նաև ըստ ոլորտների դասակարգեք բարձրացվող խնդիրները, քանի որ դա գործնականում կնպաստի, որ տեսնենք, թե հատկապես որ օղակներում ունենք բացեր, որոնք անհրաժեշտ է արագ շտկել»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով վարչության 2015թ. հաշվետվությունը՝ քաղաքապետը դրական է գնահատել կատարված աշխատանքները:




Լրահոս