Երեկ Տավուշի մարզում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանին գտել են մահացած: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի աշնանը եւ նրա ծառայությանը մնացել էր ընդամենը 8 ամիս, սակայն անհասկանալի պատճառներով տղային գտել են ինքնասապան եղած: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին հեռարձկված «Զինուժ» հաղորդումը ներկայացրել է Տավուշի մարզում N զորամասի դիրքերում ծառայությունը իրականացնող զինվորների քաջությունը, եւ հաղորդման հերոսն էլ եղել էր հենց մարտի 14-ին ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը:
Պարզվում է, որ Կամո Մարտիրոսյանը նռնականետորդ է եղել եւ որպես օրինակելի զինվոր հաղորդման ընթացքում պատմել է իր ծառայության մասին. «Արդեն 5-րդ մարտական հերթափոխին եմ մասնակցում եւ ամեն անգամ մարտական հերթափոխի ժամանակ մեջիցս անհետացել է վախի զգացողությունը, բանակային ընկերներիս հետ կարծես ախպերներ եք, ու այդ ընկերությունը լինելու է ընդմիշտ: Իսկ թշնամին թող իմանա, որ մենք ամուր կանգնած ենք եւ հարկ եղած դեպքում այնպիսի հարված կարող ենք տալ նրանց, որ դարերով չի մոռանա հայ զինվորի ուժը»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան