Դատելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում ունեցած ելույթից` առաջիկայում ականատես ենք լինելու հայ-թուրքական հարաբերությունների նոր լարման: Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հրավիրված այդ համաժողովում Աղվան Հովսեփյանը մի քանի սկանդալային հայտարարություններ է արել, որոնք տրամագծորեն փոխում են մինչ այդ ՀՀ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որդեգրած եւ բարձրաձայնած քաղաքական շեշտադրումները:
Այսպես. խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Աղվան Հովսեփյանն ասել է. «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»: Այն, որ աշխարհի տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական փոքրիկ հաղթանակից, ոչինչ չի տվել հայ ժողովրդին, արդեն իսկ ակնհայտ է բոլորի համար: Մեր աչքի առջեւ են բազմաթիվ օրինակներ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները դրանից հետո իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ ավելի են սերտացրել, իսկ այն երկրները, որտեղ այդ պրոցեսը դեռ ընթացքում է, Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ օգտագործելով որպես քաղաքական մահակ`առավելագույն շահեր են քաղել Թուրքիայից` ճիշտ ժամանակին մոռանալով հայերի մասին: Հետեւաբար իսկապես այդ ֆորմալ ճանաչումները որեւէ իրավական կամ նյութական օգուտ չեն տվել հայ ժողովրդին: Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին խնդրի իրավական ճանապարհով լուծմանն ուղղված քայլերը, ինչ խոսք, ճիշտ են:
Խնդիրն այն է, սակայն, որ ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա երբեւէ չի խոսել Թուրքիայից Հայաստանի ունեցած տարածքային պահանջների մասին: Ավելին, 2001թ. փետրվարին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարել է, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի: Իսկ արդեն 2009թ. հոկտեմբերի 10-ին էլ, ստորագրելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները, Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայ ժողովրդի անունից իր ստորագրությունը դրեց Թուրքիայի սահմանների անխախտելիությունն ընդունելու պարտավորության տակ:
Թե ինչ ճակատագիր ունեցան այդ արձանագրությունները, հայտնի է բոլորին: Դրանց ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն մազաչափ անգամ չբարելավվեցին, այլեւ անգամ տեսանելի հարթությունում է’լ ավելի լարվեցին: Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առջեւ կանգնած Հայաստանը հայտնվեց մի յուրատեսակ թակարդում՝ տարիներ շարունակ հույսը դնելով քաղաքակիրթ աշխարհի բարեգթության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման բարոյական կարեւորության վրա: Եվ հիմա այդ թակարդից դուրս գալու համար ՀՀ իշխանությունները պետք է կա՛մ ռադիկալ քայլեր ձեռնարկեն, այնպիսիք, ինչպիսիք այդ նույն համաժողովում առաջարկեց Աղվան Հովսեփյանը, կա՛մ էլ շարունակեն ոչինչ չանել, ինչպես հիմա:
Հիշելով ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության 100-ամյակին որեւէ բեկումնային լուծման սպասել պետք չէ, դա ընդամենը մի հանգրվան է լինելու, որը մեր ժողովուրդը թեւակոխելու է», առավել սպասելի պետք է լիներ վերջին՝ ոչինչ չանելու տարբերակը, սակայն Աղվան Հովսեփյանի վերջին հայտարարությունները կարծես թե ցույց են տալիս, որ այս հարցում բան է փոխվել:
Երկրի գլխավոր դատախազի շուրթերով Թուրքիայից տարածքային պահանջների մասին հայտարարությունների հնչեցումը, բնականաբար, չէր կարող պատահական լինել: Մինչ այդ Հայաստանում նման պահանջներ պարբերաբար հնչեցրել են առանձին քաղաքական ուժեր, մասնավորապես` «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը, որին, շատ փորձագետների պնդմամբ, հենց այդ պատճառով է, որ գերտերությունները թույլ չեն տվել ՀՀ իշխանության մեջ որոշիչ դերակատարություն ստանձնել: Եվ եթե հիմա Թուրքիայից տարածքային եւ դրամական պահանջների մասին բարձրաձայնում է երկրի բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մեկը, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները բոլորիս հայտնի պատճառներով դժվար թե այդպիսի լրջագույն քայլի գնային` առանց գերտերություններից առնվազն մեկի ներքին հավանության, եթե չասենք` քաջալերման: Եվ եթե համադրում ենք տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները, մասնավորապես` Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակվողական զենքի վաճառքը եւ ՀՀ սահմանների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող վերջին միջոցառումները, կարծես թե տեսանելի է դառնում Հայաստանի սահմաններին սպասվող լարվածության էսկալացիան, որի ընթացքում հարեւան երեք երկրներից` Ադրբեջանից, Թուրքիայից ու նաեւ Վրաստանից (առայժմ` ոչ պաշտոնապես) տարածքային պահանջներ առաջադրող Հայաստանի համար, մեղմ ասած, դժվար է լինելու:
Չի բացառվում նաեւ, որ Թուրքիայից տարածքային եւ դրամական պահանջների առաջադրման մասին հայտարարությամբ ՀՀ իշխանություններն առայժմ փորձում են պարզել գերտերությունների արձագանքը եւ ըստ այդմ` խաղարկել նաեւ այդ հաղթաթուղթը: Ամեն դեպքում, մեր ունեցած տեղեկություններով` առաջիկայում կարկառուն ՀՀԿ-ականները խլելու են դաշնակցականների հացը` «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մասին հայտարարություններով եւ միաժամանակ մոռանալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ հարեւանների հետ բարեկամություն անելու կոչերը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՓՈԽՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ