ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Հուլիսի 6-ին Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող «Կակաչ» հանրակացարանի շենքում հայտնաբերվել է միջանցքում կախված 35-ամյա Ա. Ո.-ի դին: Նրա բնակարանում հայտնաբերված ցուցակներից պարզվել է, որ կինն ունի կուտակված պարտքեր, որոնք չի կարողացել մարել: Ինքնասպանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
ԾԻՐԱՆԸ ՆԵԽԵԼ Է ՀԵՐԹՈՒՄ
Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակիչ Ռուզիկ Կիրակոսյանը երեկ 1,5 տոննա ծիրանը թափել է «Նոյան» գործարանի դիմաց` պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը: Նա «Պանորամա»-ին ասել է, որ կարկուտի հետեւանքով այգու ծիրանը փչացել է, մնացել է միայն 1,5 տոննա, որն օրեր առաջ բերել է գործարան՝ հանձնելու, սակայն նրա բերքը չեն մթերել. «Էդ էլ իրանք փչացրին, հիմա բոլորը շփել եմ ասֆալտին, եկե՛ք, նկարե՛ք, տեսե՛ք՝ ինչ ա կատարվում: Հերթերն առաջ են գցում, ոչ մի հերթ չի պահվում, իրանց ուզած մեծահարուստների մեծ մեքենաներն են բերում, մթերում, իսկ մենք` թշվառ գյուղացիներս, մնացել ենք ստեղ շվարած»:
ՉԵՆ ԴԱՏԻ
Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին իր` 4 օր շարունակ զորամասը լքելու հետ կապված տարբեր պատմություններ է պատմել: NEWS.am-ի տեղեկություններով` նա սկզբում հայտնել է, թե զորամասը լքել է սիրած աղջկա պատճառով, այնուհետեւ հերքել է` նշելով, թե ընկերուհի չունի: Ավելի ուշ զինծառայողն ասել է, թե մի շարք «տղայական հարցեր» կային դրսում` ընկերների հետ կապված, եւ եթե ինքը դուրս չգար զորամասից եւ չգնար այդ հարցերը լուծելու, վատ կլիներ: Ըստ կայքի` թեեւ զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործ կա, բայց զինծառայողին չեն դատի, նրան կներեն` հաշվի առնելով մեկ տարվա ծառայության ընթացքում ցուցաբերած վարքը:
ՆՈՐ ՊԻՏԻ ՊԱՐԶԵՆ
Նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստից հետո բողոքի ակցիա անցկացնող Արամի, Բուզանդի եւ 33-րդ թաղամասի բնակիչների հետ վարչապետի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել 10 օր անց` նրանց բնակարանների խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու համար: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը NEWS.am-ին հայտնել է, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարել է պարզել, թե ինչու կառուցապատողները չեն կատարել իրենց պարտավորությունները: