ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԻՐ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Գյումրիում հերթական անգամ կրակոցներ են հնչել: Ըստ գյումրեցիների՝ կրակոցների հեղինակն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռու տղան է` Ալիկ Գեւորգյանը: Պատգամավորի հարազատը միտումնավոր վնասել է Գյումրիում հայտնի Շարամի տաղավարները:
Մինչ միջադեպի մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեկնաբանելով ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքը, հայտարարել էր. «Մենք Գյումրիում ունենք երկրու կլան, որոնք, չգիտեմ ինչի, շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով իրենցն են թելադրում… չի լինի, դարաշրջանն ավարտվեց»: Շատ չանցած, ի հեճուկս ոստիկանապետի, «զոռբայություններով» իրենց կամքը թելադրողները շարունակում են Գյումրիում վախի մթնոլորտ ստեղծել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ գիշերը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռու տղան` Ալիկ Գեւորգյանը, որը Գյումրիում առավել հայտնի է  Կռիվ Հովոյի տղա մականվամբ, հարբած վիճակում իր «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գյումրու Միկրո տարածքում գտնվող բոլորին հայտնի Շարամի տաղավարներին, մեծ վնաս հասցրել դրանց, այնուհետեւ կրակոցներ արձակել: «Լավ է, որ այդ տաղավարներում մարդիկ չեն եղել, թե չէ ամեն ինչ շատ ավելի վատ վերջաբան կարող էր ունենալ: Վախից ոչ ոք ոչ մի ձայն չի հանել»,-մեզ հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում:
Նշենք նաեւ, որ ըստ shamshyan.com-ի՝ Գյումրու բնակիչ 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 42 QQ 444 համարանիշի ավտոմեքենան, Գյումրու Շահումյան փողոցում բախվել է առեւտրի տաղավարներին: Ըստ այդմ, վթարի պատճառը եղել է այն, որ «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիում հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, եւ այդ ընթացքում հնչել են կրակոցներ, ինչից հետո «Մերսեդես»-ի վարորդը վթարի է ենթարկվել՝ բախվելով առեւտրի տաղավարներին:
Ի՞նչ է կատարվում Գյումրիում: Արդյոք ոստիկանապետի հիշատակած երկու կլանի ներկայացուցիչները սկսել են հերթական անգամ արյունահեղությամբ եւ «զոռբայությամբ» հարցեր կարգավորել: Նրանց դարաշրջանը չի՞ ավարտվել:
Կատարվածի մասին պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարտուն Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, Գյումրիում հերթական կրակոցներն են հնչել, եւ ըստ գյումրեցիների՝ իրադարձությունների կենտրոնում կանգնած է Ձեր քեռու տղան՝ Ալիկ Գեւորգյանը, Ձեր թիմակիցների հետ միասին: Կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում:
-Ճիշտն ասած, իմ անունն այդտեղ շոշափելը բացարձակ տեղին չէ: Ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ հաշիվ է, եւ ինչ է եղել: Ինքս պատճառ էլ չունեմ մասնակիցը լինելու: Բերել, էլի կապել իմ անվան հետ՝ բացարձակ տեղին չէ:
-Դուք հերքո՞ւմ եք, որ Ձեր քեռու տղան կամ Ձեր թիմի ներկայացուցիչներն են կրակոցների հեղինակները: Ու, առհասարակ, ի՞նչն է պատճառը, որ ամեն անգամ հնչած կրակոցների կամ ծեծկռտուքի արդյունքում Ձեր անունն է շահարկվում:
-Դե ի՞նչ ասեմ: Երեւի հստակ շահագրգռված մարդիկ կան, դա փաստ է:
-Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք ցանկանում են ամեն անգամ Ձեր շուրջ այսպիսի աղմուկ բարձրացնել:
-Գիտեք ինչ, այդքան էլ շատ չեմ ուզում մանրանալ՝ ովքեր են, ինչ են. արդեն բոլորին էլ հասկանալի ու պարզ է: Այսքան բան գտնելն ու իմ հետ կապելն ամեն դեպքում պատահականության արդյունքում չէ: Շահագրգիռ կողմ կա: Այսօր ինչ-որ մեկը գնացել է, վթարի է ենթարկվել կամ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ տեղ խուժանություն անել, էլի բերում, պատգամավորի հետ են կապում: Բայց ոչ կոռեկտությանն էլ չափ կա, էլի՛: Մենք էլ թողնենք մեր բանուգործը, սկսենք հերքումներ տալ, արդարանալ, որ մենք կապ չունե՞նք:
-Իսկ անուննե՞րը, որոնք հրապարակվել են, Ձեզ ոչինչ չե՞ն ասում:
-Իմ հորեղբոր տղան Ալբերտ անունով աներձագ չունի:
-Իսկ Ձեր քեռու տղայի մասին տեղեկության վերաբերյալ ի՞նչ կասեք: Հենց նա է վնասել Շարամի տաղավարները եւ դեռ ավելին, կրակոցներ արձակել:
-Ես ինչքանով որ ինֆորմացիա ունեմ, իմ քեռու տղան այդ դեպքի հետ կապ չունի ու այնտեղ չի եղել: Այդտեղ վթար է եղել, ու եկել, խփել են այդ տաղավարներին: Ձեր կողմից նշված Շարամն էլ մեր թաղի մարդ է, մեզ մոտ մարդ է, եւ իր հետ կապված բացարձակ որեւէ խնդիր չունենք, մեր ընկերներն են: Պարզապես վթար է տեղի ունեցել: Կարող էին, օրինակի համար, գնալ ու խփել Վարդան Ղուկասյանի տաղավարին կամ Սամվել Բալասանյանի խանութին: Այդ տեսանկյունից պետք է նայել հարցին: Թե չէ բացարձակ սուտ է հրապարակվածը: Կրակոց չի եղել եւ ոչ էլ վիճաբանություն, նման բան չկա: Մնացած հարցերով դիմե՛ք իրավապահներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս