Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանությունից հետո կրքերը դեռ չեն հանդարտվել: Երեկ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, թե Ս. Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Իսկ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով էլ` Բուդաղյանների ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրող Տ. Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հոր` Էմիլ Բուդաղյանի հետ: -Պարո՛ն Բուդաղյան, ինչպե՞ս եք մեկնաբանում քննչական մարմինների կողմից հնչող գնահատականները, հետեւո՞ւմ եք քննության ընթացքին: -Քննության ընթացքից, ոչ մի բանից տեղյակ չեմ: Այդ հարցով փաստաբանն է զբաղվում, իրեն պետք է հարցնեք: -Իսկ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպես են աշխատանքներն ընթանում: -Մենք չենք խառնվում, առայժմ թողել ենք դատական մարմիններին, որ իրենք արդար դատեն: -Բայց համոզվա՞ծ եք, որ իրենք արդար քննություն կիրականացնեն: -Դե եթե չանեն, դա իրենց գործն է, մնացածը մենք արդեն կմտածենք, թե ինչ կանենք: -Ըստ կայքերից մեկի տեղեկությունների` ձեր ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն` Տիգրան Խաչատրյանին: Ի՞նչ կասեք այդ մասին: -Մենք ընդհանրապես տեղեկություն էլ չունենք, թե նա որտեղ է գտնվում եւ ինչով է զբաղված: Մեր դարդը հիմա դա չէ: Մեր դարդն էն է, որ մեղավորներն օրինական կերպով պատժվեն: Սպասում ենք, թող քննությունն ավարտվի, հասկանանք՝ ճիշտը որն է, սխալը որն է, ու ինչ պետք է անենք, ում պետք է բողոքենք: -Իսկ հիվանդանոցից դուրս գալուց հետո Ձեր որդու` Արտակ Բուդաղյանի հետ զրուցե՞լ եք, նա ի՞նչ է պատմել: -Այո՛, զրուցել եմ, ու դա այնպիսի բաներ են, որ ես Ձեզ հիմա ոչինչ չեմ կարող ասել: Իրականում տղայիս վիճակն այդքան լավ չէր, որ պարզեի, թե ինչ է եղել, ու դրա համար տարբեր բաներ չեմ հարցրել: Հիմա կարեւորն իր առողջությունն է: