Մինչև մայիսի 1-ը Գյումրու անօթևանների տնակները պետք է քանդված լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ հունվարին մեկնարկած՝ Գյումրու անօթևանների աջակցությանն ուղղված դրամահավաքին միացել էին «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանը և հանրաճանաչ շանսոնիե Շառլ Ազնավուրը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Հայկ Բարսեղյանի հետ՝ փորձելով պարզել, թե որ փուլում են գտնվում աշխատանքները: Վերջինս պատասխանեց, որ մեկնարկել է բնակարանների գնման պրոցեսը:

«Հիմա հստակ ունենք 11 բնակարան, սակայն ընտրվել են ընդամենը 4 ընտանիք, քանի որ ընտրությունը բավականին բարդ է: Եթե սկզբում մենք կենտրոնացել էինք ավելի շատ բնակարանների և գումարի վրա, այժմ աշխատում ենք հնարավորինս ճշգրիտ ընտրություն կատարել, քանի որ առաջացել է ընտանիքների կողմից այդ բնակարանները հետագայում վաճառելու հարց: Կան ընտանիքներ, որոնք ունեցել են բնակարան, անցյալում վաճառել են, և կան այնպիսիները, որոնք ապրում են ծայրահեղ  վիճակում, սակայն ունեն 1 սենյականոց բնակարան, որը վարձով են տալիս: Որոշում է կայացվել, որ այդ ընտանիքները առնվազն  30 տարի իրավունք չեն ունենա օտարելու ստացած բնակարանները, իսկ վարձով տրվող ընտանիքների հետ պայմանավորվածություն է կնքվելու, որ իրենք կստանան բնակարան միայն այն դեպքում, եթե այդ վարձով տրվող բնակարանները հանձնեն մեզ, մենք էլ՝  մեկ այլ ընտանիքի: Նրանք պետք է պատրաստ լինեն այդ փոխզիջումներին»:

Դրամահավաքի նախաձեռնողը նաև նշեց, որ բնակարան ստացող ընտանիքների տնակները ամբողջությամբ պետք է քանդվեն, որպեսզի նրանք այլևս հետ գնալու հնարավորություն չունենան:

«Շատերի մեջ դեռ կա տնակում ապրելու այդ հոգեբանությունը, նրանք միգուցե վարձով տան ստացած բնակարանները և հետ գնան տնակներում ապրելու: Մեր խնդիրը տնակները վերացնելն է»:

Հունվար ամսին մեկնարկած դրամահավաքը անցկացվում է նաև բրիտանական http://www.crowdfunder.co.uk/ կայքի միջոցով, որի նպատակն էր 53 օրում հավաքել 120000 ֆունտ ստերլինգ 13 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար։ Հայկ Բարսեղյանից տեղեկացանք, որ կայքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 120000 ֆունտ ստերլինգը դարձնել 27000, քանի որ մինչև դրամահավաքի վերջնաժամկետը՝ մարտի 22-ը, հնարավոր չէր հավաքել այդքան գումար, իսկ չհավաքելու դեպքում կայքի գումարը պետք է վերադարձվեր նվիրաբերողներին: Այս պահի դրությամբ կայքում հավաքվել է 26,395 ֆունտ ստերլինգ, որը գումարվելու է մինչ այժմ դրամահավաքից ստացած ամբողջ հասույթին:

Հիշեցնենք, որ դրամահավաքին միացել էին ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների անդամներ Արման Սահակյանը և Լյուդմիլա Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը  և այլք:

ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ դրամահավաքին միացել է ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցելու է անօթևաններին:

Հայկ Բարսեղյանը նաև նշեց, որ բոլոր պատգամավորների միայն 5 %-ն է արձագանքել ուղարկված նամակներին:

Սյուզի Մուրադյան




Լրահոս