ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչությունը հանդես է եկել ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ հայտարարությամբ: Արձանագրելով, որ Հայաստանում բացահայտվել են պետական բյուջեի թալանման եւ պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների փաստեր, ՀԱԿ-ը նշում է, թե դրանք քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար:
«Այս երեք, ավելի քան սկանդալային փաստերից որեւէ մեկի առիթով իշխանությունը որեւէ հիմնավոր բացատրություն չի տվել եւ չէր էլ կարող տալ, քանի որ մենք գործ ունենք անհերքելի, իրական փաստերի հետ: Սերժ Սարգսյանն ընդարձակ ելույթով իր դիրքորոշումն է արտահայտել միայն ՎՊ-ի հաշվետվության հետ կապված, որը, սակայն, ոչ թե տվյալ խնդրի հետ կապված բանական ինչ-որ բացատրությունն է, այլ հերթական նոր մի սկանդալ. նա գերազանցում է Սահմանադրությամբ իր զբաղեցրած պաշտոնին ամրագրված լիազորությունները՝ ապօրինաբար ճնշում գործադրելով Սահմանադրության 83.4 հոդվածով անկախության երաշխիքներ ստացած Վերահսկիչ պալատի, ինչպես նաեւ օրենքով անկախ համարվող քննչական մարմինների վրա, ինչը, ըստ էության, այլ բան չէ, քան արդարադատության խոչընդոտում»,-ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Կոնգրեսը նաեւ հիշեցնում է. «Դեռ 2011թ. նոյեմբերին Կոնգրեսը հրապարակել է «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որում նա մեղադրվում է իշխանության յուրացման, ինչպես նաեւ այլ ծանր հանցագործություններ եւ օրինախախտումներ կատարելու մեջ: Սերժ Սարգսյանի վերջին այս ելույթը լրացնում է նրա պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի տպավորիչ այդ ցանկը: Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է հետամուտ լինել վարչախմբի հանցավոր էության եւ գործելակերպի բացահայտմանը՝ ստեղծելու համար հասարակական ու քաղաքական այն մթնոլորտը, որը կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»:




Լրահոս