Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի եւ քաղաքային շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: Իջեւանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի՝ 2005թ. մարտի 14-ին հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցի մեջ քաղաքապետարանը նշել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2005թ. փետրվարի 24-ի որոշմամբ շուկայի ընդլայնման նպատակով 90 տարի ժամկետով, տարեկան 12 հազար դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով 0.448 հա հողատարածք է տրամադրվել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին, կնքվել է պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից: Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը ստուգելու նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքում 2012թ. օգոստոսի 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցները պարզել են, որ ընկերությունը վարձակալած հողատարածքն օգտագործում է ոչ նպատակային նշանակությամբ. առանց թույլտվության շուկայի բաց պատշգամբում տեղադրել է տաղավարներ, շուկայի աստիճաններին ու հյուսիսային կողմից սպասարկման ճանապարհի վրա կազմակերպել է ոչ կանոնակարգված բացօթյա առեւտուր, որի հետեւանքով ստեղծվել է հակասանիտարական եւ անվտանգության կանոններին հակասող իրավիճակ: Այդ խախտումների համար 2012թ. օգոստոսի 14-ին Իջեւանի քաղաքապետի որոշմամբ շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 30 հազար դրամով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2013թ. ապրիլի 4-ին որոշել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը մերժել: Դատարանը համարել է, որ վարձակալած տարածքում առեւտրի կազմակերպումը չի կարող դիտվել որպես գույքի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործում, քանի որ հենց պայմանագրով սահմանված է հողը վարձակալությամբ տրամադրելու նպատակը՝ շուկայի ընդլայնում: Դատարանը համարել է, որ Իջեւանի շուկայի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու քաղաքապետի որոշմամբ չի հաստատվում, որ ապօրինի առեւտուրն իրականացվել է հատկապես վարձակալած տարածքում: Իջեւանի քաղաքապետարանն այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Հուլիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ Ա. Թումանյանի) որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 4-ի վճիռը բեկանել եւ քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նման վճիռ կայացնելիս փաստել է, որ քաղաքապետի վարչական ակտով արձանագրված է վարձակալված տարածքը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու փաստը, եւ որ այդ վարչական ակտն ըստ էության չի վիճարկվել:
Այսպիսով՝ քաղաքապետ-շուկայի տնօրեն հակամարտությունը նոր թափ է ստանում: Ըստ ամենայնի` «այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու»:
Տավուշ