ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ  
Գերմանիան ներկայացնող երեւանցի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (31-2-0, 16 նոկաուտ) դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Կարինա Մորենոյին (25-6, 6 նոկաուտ):
Հուլիսի 7-ին Դորտմունդում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 96:94, 97:93, 97:93: Ընդ որում, 25-ամյա Կենտիկյանը ռեւանշի հասավ Կարինա Մորենոյի նկատմամբ: Նրանք մենամարտել էին նաեւ 2012-ի դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ 10-ռաունդանոց մենամարտում 31-ամյա ամերիկուհին հաղթել էր միավորներով: Հիշեցնենք, որ Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է WIBF (2007թ.) եւ WBO (2009թ.) վարկածներով: Նախորդ անգամ նա ռինգ էր դուրս եկել այս տարվա փետրվարին` միավորներով հաղթելով գերմանացի Սանայե Ջային:
Ինչպես երեւում է, Գերմանիայում բնակվող հայ մարզիկների թիվը կավելանա եւս մեկով. Սյուզի Կենտիկյանին ու Արթուր Աբրահամին կմիանա Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես տեղեկացանք, Դոնեցկի «Շախտյոր»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Երեւանից մեկնել է Գերմանիա, որտեղ պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Մեր գործընկերներից մեկը Հենրիխին նկատել է Երեւան-Վիեննա չվերթից առաջ: Հայ ֆուտբոլիստը բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել: Հենրիխը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն խոստացել է մեկնաբանություններ տալ ավելի ուշ: Ըստ գերմանական մամուլի՝ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիա»-ն «Շախտյոր»-ին վճարելու է 27 մլն եվրո: Ընդ որում, ինչպես տեղեկացրել է Հենրիխին մոտ կանգնած աղբյուրը, հայ ֆուտբոլիստը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության ոլորտում: Նույնիսկ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ զանգահարել է Մխիթարյանին՝ ունենալով երկար հեռախոսազրույց: Մասնավորապես նա ասել է. «Հենրի՛խ, լսել եմ, որ դու գիտես 5 լեզու: Ուրեմն քո 6-րդ լեզուն կլինի գերմաներենը»: Երեկ՝ երեկոյան, տեղեկացանք, որ Հենրիխը ժամանել է Դորտմունդ եւ արդեն քաղաքի բուժհաստատություններից մեկում հաջող բուժզննում անցել, որը տեւել է մոտ 90 րոպե:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հենրիխի տրանսֆերը կազմել է 25 մլն եվրո:

ԻՍԿ «ՇԻՐԱԿ»-Ը ՄԵԿՆԵՑ ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Շիրակ»-ը նույն` Երեւան-Վիեննա-Բոլոնիա չվերթով ուղեւորվեց Սան Մարինո: Այսօր գյումրեցիները Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկում «Տրե Պենե»-ի հետ կանցկացնեն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը: Պատասխան մրցավեճը կսկսվի Երեւանի ժամանակով 23-ին: Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ «Շիրակ»-ը 3:0 հաշվով պարտության Է մատնել «Տրե Պենե»-ին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս