ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոսեց քաղաքում առկա մի շարք խնդիրների մասին, որոնցից առանձնացրեց հատկապես քաղաքի փողոցների անմխիթար վիճակը: Դեռ մայիսի 1-ից «Դարոժնիկ» ընկերությունը պետք է սկսեր փողոցների ասֆալտապատումը, սակայն, ինչպես փաստեց քաղաքապետը, մինչ օրս ոչ մի աշխատանք չի կատարվել: «Մյասնիկյան փողոցում արդեն 2 տարի է, ինչ ավարտված են ջրագծերի անցկացման աշխատանքները, որին պետք է հետեւեր ասֆալտապատումը, սակայն ոչինչ արված չէ: Նույնն Աբովյան, Երեւանյան փողոցները: Դեմիրճյան փողոցն իբր ասֆալտապատեցին, ամբողջը նստվածք է տվել, եւ ասֆալտը քայքայված է, պիտի վերանորոգե՞ն, թե՞ ոչ»,-խորհրդակցության ժամանակ ներկայացրեց Սամվել Դարբինյանը՝ ցանկանալով այս կերպ բնակիչներին  տեղյակ պահել, թե ով է մեղավոր փողոցների ներկայիս վիճակի համար:
Անդրադառնալով Վանաձորի կանաչապատման աշխատանքներին` քաղաքապետը նշեց, որ Դեմիրճյան փողոցի մայթեզրերի վարդերը նորից գողացել են. 500 վարդից 15-ն էլ չի մնացել: Քաղաքապետին չի գոհացնում նաեւ այգիների վիճակը: Քիչ թե շատ բարվոք է Հրանտ Մաթեւոսյանի անվան երկաթուղայինների զբոսայգին, մնացած բոլոր այգիներն ու պուրակներն անմխիթար վիճակում են: Քաղաքապետը հորդորեց արագ վերացնել թերությունները, հակառակ դեպքում  պայմանագրերը կխզվեն:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս