ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՑՎԵՑ «ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՍՏՂԸ»
Կիրակի օրը Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի հանդիսավոր արարողություններից մեկը: Հյուրերի թվում էր նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Փառատոնը մեկնարկեց կինոաստղերի ծառուղում «Ազնավուրի աստղի» բացմամբ («վերադարձել էին» կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի աստղերը) ու շարունակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նույն օրը՝ երեկոյան՝ ժամը 19-ին, Օպերային թատրոնում ցուցադրվեց ֆրանսիացի կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Շառլ Ազնավուրն է: Փաստորեն, այս տարի փառատոնը բացելու եւ փակելու են ֆրանսիական ֆիլմերը:
Նշենք, որ տարբեր տարիների փառատոնի հյուրերն են եղել դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆանի Արդանը, ռեժիսորներ Ֆաթիհ Ակինը, Ջաֆեր Փանահին, Աբաս Կիարոստամին, Յոս Սթելինգը, Ալեն Հյուզը եւ այլք: «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնն ավարտվելու է հուլիսի 11-ին:

ԱՐԱՄ MP3-ի ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
Հուլիսի 6-ին Արամ Mp3-ին «Վիտամին» ակումբում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «If I Tried» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանի տեղեկացմամբ՝ այն նկարահանվել է նույն վայրում, որտեղ կազմակերպել են շնորհանդեսը: Ռեժիսորի խոսքով` տեսահոլովակի յուրաքանչյուր կադրն ունի իր փիլիսոփայությունը. «Հնարավոր է՝ շատերի համար բացատրությունները նույնը չլինեն եւ չհամընկնեն իմ եւ արտիստի պատկերացումների հետ, բայց ամեն մեկը հաստատ ինչ-որ սիմվոլիզմ կգտնի»:

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
78-ամյա Սոֆի Լորենը վերադառնում է մեծ էկրան: Լեգենդար դերասանուհին համաձայնել է խաղալ իր 40-ամյա որդու՝ Էդուարդո Պոնտիի La Voce Umana («Մարդկային ձայն») ֆիլմում, որը ներկայացվելու է ոչ թե ֆրանսերենով, այլ նեապոլիտանական բարբառով: Նկարահանումները սկսվելու են հուլիսի վերջին Իտալիայում (Հռոմ, Նեապոլ, Օստիա) եւ տեւելու են մինչեւ օգոստոսի կեսերը: Նշենք, որ Սոֆի Լորենն էկրաններին չի հայտնվել արդեն 3 տարի:




Լրահոս