ՀՅԴ-ն ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ ԱՆՀԱՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ում խմորումներ են սկսվել, մասնավորապես ՀՅԴ լիբանանյան ու ամերիկյան կառույցները պահանջում են արտահերթ ժողով անցկացնել, որպեսզի քննարկեն կուսակցության վերնախավում տիրող իրավիճակը, այդ թվում` ՀՅԴ ԳՄ-ի ու բյուրոյի նոր ղեկավարության ընտրության հարցը: ՀՅԴ-ում նաեւ ցանկանում են դնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոփոխության հարցը: Այս թեմայով “Ժողովուրդ”-ը զրուցեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ-ում որոշակի դժգոհություններ կան, ու ցանկանում են արտահերթ ժողով անցկացնել` կուսակցության ղեկավար կազմում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ լուրերը:
-Ցանկացած կուսակցության ներսում պարբերաբար արվում են փոփոխություններ, շտկումներ կուսակցության կուրսի, ադմինիստրատիվ կազմի մեջ եւ այլն, եւ այլն: Դա նորմալ երեւույթ է: Թե ինչու է դա հիստերիա առաջացնում, ա՛յ դա ես չեմ հասկանում:
-Եվ ե՞րբ է կուսակցությունը պատրաստվում անել այդ փոփոխությունները:
-Այդ հարցով արդեն դիմե՛ք ՀՅԴ գերագույն մարմնին, որովհետեւ ԳՄ բյուրոն իր ժողովի ժամկետը կորոշի այս ամռանը, քանի որ մենք դեռ քննարկումներ ունենք: Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան գերագույն ժողովին, այդ հարցով դիմե՛ք նրանց:
-Այս փոփոխությունների համատեքստում մատնանշվում է հենց Հրանտ Մարգարյանի անունը. ըստ շրջանառվող լուրերի՝ նրանից դժգոհություններ կան իշխանությունների հետ ունեցած կապերի պատճառով, ուստի եւ ցանկանում են փոխել նրան:
-Նախ` հիմարություն է փոփոխությունը կապել անհատների հետ: ՀՅԴ-ն, բացի նրանից, որ գաղափարական, այլեւ կարգապահ կուսակցություն է: Մեր հարաբերությունները ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության, ե՛ւ արտաքին ուժերի հետ պայմանավորված են ընդհանուր ժողովի, իսկ Հայաստանում` գերագույն ժողովի որոշումներով: Ոչ մեկն այդ որոշումներից դուրս չի գործում` ո՛չ Հրանտ Մարգարյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը, ո՛չ ես: Դրա համար էլ հարցը դնել այդ ձեւով, որ “Դաշնակցության” քաղաքականությունը կապված է այս կամ այն անհատի քմահաճույքի կամ իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների հետ, սխալ է: Եվ հետո, ցանկացած նորմալ երկրում ցանկացած կուսակցություն` արմատական ընդդիմությունն անգամ, պետք է իշխանության հետ կարեւորագույն, ազգային անվտանգության նշանակություն ունեցող հարցերի շուրջ որոշակի հարաբերություններ ունենա:
-Իսկ մի՞թե անձերի, տվյալ դեպքում Հրանտ Մարգարյանի հարաբերություններն իշխանությունների հետ չէին կարող դեր խաղալ ՀՅԴ գործելակերպի հարցում:
-Կուսակցությունների, առավել եւս “Դաշնակցության” մեջ, անհատը կարող է իր տեսակետներն արտահայտել ու աշխատել այն բանի վրա, որ դրանք ուղղորդող դառնան: Բայց միեւնույն է, իր անհատական ցանկություններով, նախասիրություններով նա չի կարող ընդհանուր որոշումների շրջանակից դուրս գալ: Այդ հարաբերությունները լավագույն դեպքում կարող են տալ տակտիկական ճկունություն, բայց ոչ մի անհատ չի կարող կատարել ստրատեգիական փոփոխություն: Այդ փոփոխությունը կարող է կատարել միայն ՀՅԴ ընդհանուր ժողովը, Հայաստանում` գերագույն ժողովը: Իսկ ինչ վերաբերում է տակտիկական ճկունությանը, ապա այստեղ խնդիրը կոնկրետ անհատի` քաղաքականություն վարելու արվեստի մեջ է: Այստեղ յուրաքանչյուրն ունի քաղաքականություն վարելու իր ոճը, եւ եթե ոճն այդքան խնդրո առարկա է, ապա հասարակությունը, ինչպես միշտ, ընկած է կեղծ օրակարգի հետեւից:
-Պարզապես ասում են, որ Հ. Մարգարյանը ՀՅԴ-ում համարվում է նախագահականի մարդը:
-Ինքը նախագահականի մարդը չէ, եւ ընդհանրապես, ՀՅԴ-ում չկա ո՛չ նախագահականի մարդ, ո՛չ խորհրդարանականի մարդ, ո՛չ կառավարության մարդ: Մենք միայն ու միայն ,Դաշնակցությանե մարդիկ ենք, իսկ ՀՅԴ-ն ծառայում է Հայաստանին: Հայաստանը շատ ավելի լայն հասկացողություն է, քան Հայաստանի իշխանությունները:
-Իսկ իշխանությունների հետ որոշակի հարաբերություն պահպանելը, հարցեր քննարկելը որքանո՞վ է արդյունավետ, այն դեպքում, երբ իշխանությունն ամենատարրական հարցերում անգամ չի ցանկանում լսել ընդդիմության կարծիքը, որովհետեւ, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, իրենք ամենախելոքն են:
-Կան հարցեր, որոնցում, իհարկե, արդյունավետ չէ: Բայց կան հարցեր, որոնցում ոչ միայն արդյունավետ է, այլեւ, անկախ արդյունավետությունից, անհրաժեշտ: Դու առնվազն պետք է նախազգուշացնես եկող հարվածի մասին, դու առնվազն պետք է իշխանությանը ցույց տաս, թե որտեղ նրա սխալի հետեւանքը կարող է դառնալ ճակատագրական: Դա քո պարտքն է, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, առավել եւս` պատասխանատու քաղաքական կուսակցության անդամ:
Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 576 համար




Լրահոս