«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Ի դեպ, առաջին երկու բաժնեմասերի արժեքները վկայում են, որ տվյալ դեպքում խոսքը նորանշանակ նախարարի խոշոր ընկերությունների սեփականատեր լինելու մասին է: Լեւոն Մկրտչյանը հայտարարագրել է նաեւ երկու փոխառություն եվրոյով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 66 հազար 831 եվրո եւ 317 հազար 762 ՌԴ ռուբլի արժողությամբ փոխառություն: Դրանից բացի՝ Մկրտչյանը հայտարարագրել է նաեւ 20 հազար դոլար, 25 հազար եվրո եւ 10 մլն դրամ դրամական միջոց:
Նորանշանակ նախարարը ունի նաեւ երկու բնակարան, մեկ հողամաս եւ մեկ ավտոտնակ, «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Լեւոն Մկրտչյանի եկամուտները կազմել են 4 մլն 149 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 149 հազար դրամը, իսկ մնացած գումարը նա ստացել է որպես շահաբաժին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լեւոն Մկրտչյանի հայտարարագիրը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այն բոլոր ընկալումները, ըստ որոնց՝ նա փող «աշխատող» նախարար է, իրական են եւ հիմնավորված: Թերեւս Դաշնակցությունը հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նրա՝ որպես նախարարի թեկնածությունն առաջադրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: