Ընդդեմ Սասուն Միքայելյանի, հանուն ՀՀԿ-ի. ում համար է հանձնաժողովի տեղերը պահում ՀԱԿ-ը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ի պատասխան «Ազատության» հարցին, պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նամակի առնչությամբ, որն ուղղված էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:

Հիշեցնենք, Փաշինյանը նամակով դիմել էր Զուրաբյանին, միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածուՍասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

ՀԱԿ խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի այդ առաջարկի հետ կապված, որպեսզի Հրազդանում ընտրական հանձնաժողովների տեղերը տրվեն Քաղաքացիական պայմանագրիի ներկայացուցիչներին եւ արդյոք առաջիկա ընտրություններում կսատարի՞ Սասուն Միքայելյանի թեկնածությունը»: «Ազատության» այս հարցերին պատասխանել է ՀԱԿ խմբակցության մամուլի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

«Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասին հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:

ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:

Խմբակցության որեւէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որեւէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի եւ այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու եւ հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը:

Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսեւորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում «Այոն»-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների եւ բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետեւեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը եւ կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները»:

Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ եւ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը»,- ասված է Կոնգրեսի պատասխանում:

Մի խոսքով, սույն երկար-բարակ պատասխանը նշանակում է, որ ՀԱԿ-ը համաձայն չէ Սասուն Միքայելյանի առաջարկած անձանց նշանակել հանձնաժողովների ադամներ:

Հիշեցնենք, Հրազդանի քաղաքապետի հիմնական թեկնածուներն են Սասուն Միքայելյանն ու ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Թե ինչ է նշանակում Սասուն Միքայելյանին չաջակցելը, թերեւս բացատրելու հարկ չկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս