Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ՀԱԿ-ի գործունեությունն ուղղված է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին իշխանության գլխին պահելուն. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, որտեղ մասնավորապես ասվում էր ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության մամուլի խոսնակ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում մատնանշված հարցը չի բարձրացրել և անընդունելի է համարում, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն նամակ է ուղարկում՝ միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից:

Նիկոլ Փաշինյանը նամակում մասնավորապես նշել էր, որ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել, սակայն հայտնի է դարձել, որ դեռևս միայն կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝  կողմ արտահայտվելով Փաշինյանի առաջարկությանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության  անդամ, մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ՝ փորձելով պարզել վերջինիս տեսակետը ՀԱԿ խմբակցության դիրքորոշման մասին:

«Ես ինձ թույլ չեմ տվել կասկածի տակ պահել ՀԱԿ-ի ընդդիմադիր լինելու հարցը, սակայն հիմա ես լուրջ կասկածներ ունեմ, որ այն զբաղված է ՀՀԿ-ին իշխանության պահելու գործունեությամբ, քանի որ 2008 թվականից այն կողմ Լևոն Տեր-Պետրոսյանի դրսևորած մարտավարությունից ինձ համար պարզ է դարձել, որ կուսակցության ամբողջ գործունեությունը  նվիրված է մի բանի՝ ՀՀԿ կուսակցությանը և Սերժ Սարգսյանին իշխանության պահելուն:  Թող տեղեր չհատկացնեն, միևնույնն է, պրծած կուսակցություն է, որի հետ կապված՝ հանրությունը իր գնահատականը արդեն տվել է: Նրանք ամեն ինչ արեցին, որ դաշտը ոչնչացնեն, ոչնչացնում են ամեն ինչ, ամեն դրական բան, որ կարող է լինի ՀՀ պետության ընդդիմադիր դաշտում:  Ես վստահ եմ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ գոհ ու շնորհակալ է նրանց նման որոշման համար: Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալ է եղել, կանգնած է եղել իրենց կողքին. կարո՞ղ եք ձայն պահել, դե, գնացեք ձեր ձայները պահեք»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս