Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանի ծառայակիցները վստահեցնում են, որ ավելի քան 15 տարվա ծառայության ընթացքում նա երբևէ կասկածելի պահվածք չի դրսևորել, նրան բոլորը հարգել ու պատվել են՝ որպես առաքինի և համեստ մարդու: Իսկ արարքը, որով մեղադրանք է առաջադրվել, Մարությանի հարազատների համար ամբսուրդ է, քանի որ, ըստ նրանց՝ իրեն թյուրիմացության մեջ են գցել:
Նախ նշենք, որ ըստ համառոտ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանը, 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայքէջով, ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը:
Մարությանը «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Կողմնակի անձանց միջոցով 3 դրվագով, ընդհանուր` 700 ԱՄՆ դոլար գումար և հեծանիվ որպես վարձատրություն ստանալով՝ Գարիկ Մարությանը համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի և բջջային հեռախոսակապի «Վայբեր» ծրագրի միջոցով` հաղորդագրություններով, փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի դարձած, ինչպես նաև՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև՝ տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք և որոնց օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:
Գարիկ Մարությանը մեղադրվում է՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս լրտեսություն կատարելու և պետական գաղտնիք հանձնելու` պետական դավաճանության մեջ:
Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հավելենք, որ նախքան պահեստազոր անցնելը՝ Մարությանը եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված, Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող զորամասի հետախուզության պետը:
Քրգործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրին, ուղարկվել դատավոր Վահե Խալաթյանի վարույթ:
Մարությանի մտերիմներն ArmLur.am-ի հետ զրույցում, հիշելով մեղադրանքի հիմքում հայտնված հեծանիվը, նշում են, որ հեծանից՝ որպես այդպիսին, ձեռք չի բերվել, այն իրականում այլ ճանապարհով է իրենց տանը հայտնվել: Նրանց խոսքով՝ այսպես կոչված լրտեսը՝ իրականում ներկայացել է որպես նրա բանակային ընկեր ու ասել, որ հեծանիվը և գումարը որպես նվեր է ուղարկում Մարությանին:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ հեծանիվը ԱԱԾ-ն խուզարկությամբ է հայտնաբերել Մարությանների բնակարանում:
Վերջում հավելենք, որ Գ. Մարությանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում մեղադրանքը չի ընդունել: Իսկ Մարությանի ու թշնամու լրտեսի միջև «չոր առուվաճառք» տեղի չի ունեցել: «Միակ ցավալի հանգամանքը, որ Մարությանը որպես հետախուզության նախկին պետ պարտավոր էր, ուշադիր լինել և չխաբվել»,- հավելել է պաշտպանը:
Իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել, միանշանակ ասել հնարավոր չէ: Եվ արդար դատաքննության հույսեր ունենալը միամտություն կլինի: Մնում է սպասել զարգացումներին: