ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (Zalyan and Others v. Armenia (nos. 36894/04 and 3521/07)) դատավճիռը, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին:
Դատարանը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004թ ապրիլի 21-24 և օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի:

Որպես «Մատաղիսի գործ» հայտնի այս դատավեճը սկսվել է ՀՀ դատական ատյաններում 2004թ ապրիլից, երբ 2003թ դեկտեմբերին երկու ծառայակիցների սպանության մեղադրանքով ժամկետային զինծառայողներ Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը ներգրավվել են իբրև մեղադրյալներ, որի ընթացքում նրանց նկատմամբ, իրենց իսկ պնդմամբ (ինչպես ներկայացված է ՄԻԵԴ-ում գործերիի փաստական հանգամանքներում), օրինապահ մարմինների կողմից կիրառվել է դաժան և անմարդկային վերաբերմունք՝ սպանություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով:

Երկարատև դատական գործընթացներից հետո, որոնց ընթացքում նախ Զալյանին, Սարգսյանին և Սերոբյանին դատապարտում են 15 տարվա ազատազրկման անհիմն համարելով օրինապահ մարմինների կողմից խոշտանգումների մասին պնդումները, ապա 2006թ մայիսին Վերաքննիչ դատարանը վերանայում է ստորին պալատի վճիռը և դատապարտում նրանց ցմահ ազարազրկման:

2012թ դեկտեմբերին Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը արդարացվել են:

Հայաստանը ներկայացնող «ադ հոք» դատավոր Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է վճռին կցված հատուկ կարծիք:




Լրահոս