«Հայաստանում հանցագործությունների կոծկումը` պետական գործելաոճ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ռուսական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանում ձերբակալվել է այդ երկրի մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Պիրումովը: Նա կասկածվում է մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների վերականգնման եւ վերանորոգման համար նախատեսված բյուջետային միջոցների հափշտակման մեջ:

Այս եւ այլ երկրներում նման նախադեպերը մտածելու տեղիք են տալիս՝ արդյո՞ք մեր երկրում գործնականում նման բան հնարավոր է: Համեմատության համար հիշենք տարիներ առաջ աղմուկ հանած մի դեպք: 2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ:

Դա կատարվել էր ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, ըստ որոնց՝ Ա. Հայրապետյանը, որը նաեւ նախարարի նախկին խորհրդականն էր, օգտագործելով իր դիրքը` պետությունից հափշտակել էր ավելի քան 19 մլն դրամի գումար:

Նա կազմակերպել էր նախարարության եւ իր իսկ կողմից 2004թ. հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊԸ-ի միջեւ իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը: Ինքն էլ ստորագրել էր պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության եզրակացությունները: Այնուհետեւ նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել էր այդ չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները: Քրեական գործ էր հարուցվել նաեւ Ն. Տեր-Վարդանյանի նկատմամբ:

Կատարվածի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացրել էր ազգային անվտանգության քննչական ծառայությունը։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների՝ հետագայում գումարները վերականգնվեցին, իսկ գործը կարճվեց։ Առավել ուշագրավ է, որ մոտ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Ա.Հայրապետյանը վերադարձավ նախարարություն` զբաղեցնելով իր նախկին պաշտոնը: Իսկ 4 տարի անց Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ եւ մինչեւ այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:

Հայագետ, պատմաբան Արգամ Այվազյանի համոզմամբ՝ Հայաստանում դեռեւս շատ դժվար է ակնկալել այժմյան պաշտոնատար անձանց չարաշահումների դատապարտումն ու պատասխանատվության ենթարկումը. «Հանցագործությունների կոծկումը Հայաստանում կարծես թե արդեն դարձել է պետական գործելաոճ: Սա շատ ցավալի իրողություն է»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս