Տարոն Մարգարյանը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

ինչպես գիտեք, մեկ ամիս շարունակ, արտահերթ խորհրդակցությունների շարք անցկացրեցի քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվեցին 2015թ. հաշվետվությունները: Նպատակը մեկն էր. վերլուծել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման պատասխանատուների կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև մատնանշել բացթողումներն ու թերացումները` դրանք շտկելու համար:

Ինչ խոսք, Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է՝ քաղաքային կյանքի որակի բարելավման նախադրյալներով և ներկա ու ապագա սերունդների համար ավելի լավ պայմաններ ապահովելու հեռանկարով: Սակայն մեկ միլիոնից ավելի մշտական բնակչություն և բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում սահմանված առաջնահերթությունները և ընտրված մոտեցումները չեն կարող միանշանակ ընկալվել բնակչության այդքան տարբեր խմբերի կողմից: Ձեռքբերումներն, իհարկե, բազմաթիվ են, և այդ առումով իմ գնահատականները հնչեցին քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումների ժամանակ: Սակայն պետք է արձանագրենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և այս հարցում հանրային մասնակցությունն առանցքային կարևորություն ունի:

10688437_862489823874147_6419240340735680755_o

Ինչո՞ւ եմ որոշել մեր համաքաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի այս ձևաչափով խոսել: Նախ, ոչ թե ա՛յս ձևաչափով, այլ նա՛և այս ձևաչափով, քանի որ թե՛ աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ժամանակ և թե՛ ոչ աշխատանքային պայմաններում ես մշտապես հասանելի եմ մեր բոլոր համաքաղաքացիների համար: Պարզապես ժամանակի պահանաջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով:

Այդ առումով հաշվետվություններին հաջորդող շրջանը լավագույն ժամանակն է նման ձևաչափի քննարկում ծավալելու համար: Ուստի, այս պահից սկսած մինչև վաղը երեկոյան ժամը 18:00  /24 ժամ/ ֆեյսբուքյան իմ էջում կարող եք գրել ձեզ հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց կպատասխանեմ աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին:

Համոզված եմ, որ մեր խնդիրների մասին պարզ ու կառուցողական խոսելով, հարցեր բարձրացնելով, քննարկելով ու համագործակցելով՝ մենք կարո՛ղ ենք նոր ձեռքբերումներ գրանցել մեր քաղաքի համար՝ դարձնելով այն ավելի հարմարավետ ու ժամանակի պահանջին համահունչ»

Երևանի քաղաքապետ

Տարոն Մարգարյան»:




Լրահոս