ArmLur.am-ն օրերս հրապարակել է Էյ-Բի-Սի-Անի ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանի բաց նամակն՝ ուղղված Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանին:
Նամակում Արա Խաչատրյանը մեղադրում էր Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերությանը ք. Երևան Դ.Վարուժանի 13/7 հասցեում գտնվող մանրածախ առևտրի կետ կեղծ ապրանքի մատակարարման մեջ: Խոսքը, մասնավորապես, ապրանքագրերի մասին էր, որոնց կից լիազորագրերում առկա բոլոր ստորագրությունները, ըստ Արա Խաչատրյանի, կեղծ էին, իսկ Էյ-Բի-Սի-Անի ընկերության կնիքը բացակայում էր:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության տնօրեն Արշավիր Մինասարյանի հետ, ով հերքեց այս տարածված լուրերը:
«Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Ես անձամբ հանդիպել եմ տվյալ անձի հետ. նախքան բաց նամակը ընկերությանն էր դիմել, մենք անմիջապես կապ ենք հաստատել իր հետ: Հրավիրել եմ մեր գրասենյակ, երկու շատ կոնստրուկտիվ հանդիպում ենք ունեցել իր հետ, լուծումներ ենք առաջարկել: Այժմ մեր իրավաբաններն են զբաղվում այս հարցով, քանի որ սա իրավական հարթության խնդիր է, որն ուզում ենք հասկանալ, տեսնել՝ ինչքանով է այն կապվում մեր ընկերության հետ: Եւ եթե որևիցե կերպ կարող ենք մի բան անել՝ ի շահ Էյ-Բի-Սի-Անի ընկերության, մենք կանենք ամեն ինչ: Մեզ մոտ շատ խիստ կանոնակարգեր կան՝ կապված փաստաթղթաշրջանառության հետ»:
Նշենք, որ բաց նամակում ասվում էր, թե Արա Խաչատրյանը կապ է հաստատել Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության վաճառքի տնօրենի հետ՝ փորձելով պարզել, թե ինչպես է ստեղծվել նմանատիպ իրավիճակ, վերջինս պատասխանել է՝ ըստ ցանկության:
Մեր այն հարցին, թե արդյոք նման բան եղե՞լ է, Արշավիր Մինասարյանը պատասխանեց.
«Մեր վաճառքի տնօրենը արդեն երկու շաբաթ է՝ արձակուրդում է: Առաջին մարդը, ով ինձ հետ կապ է հաստատել և տեղեկացրել այդ բաց նամակի մասին, հենց մեր վաճառքի տնօրենն է, ով տեսել է իր անունը այդ նամակի մեջ: Նրանք երբեք շփում չեն ունեցել: Վստահեցնում եմ Ձեզ, որ ոչ մի կեղծ փաստաթուղթ էլ չկա: Ես, իրոք, չգիտեմ՝ ինչու են նման բաներ գրել, բայց կրկնում եմ, որ մեր իրավաբանները զբաղվում են այդ հարցով՝ փորձելով լուծել այս խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից բաց նամակի հղմանը, չեմ պատրաստվում դա անել»:
Սյուզի Մուրադյան