Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը վերահսկելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն մինչև հարևան երկրներում  կարմրուկի համաճարակային գործընթացի մարումը:   
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է և հիվանդությունը տեղական տարածում  չի ստացել: Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, ով հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդնոց: Վերջինիս կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ:    
Հուլիսի 10-ին և 11-ին Թբիլիսիում տեղի է ունեցել “Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալ” Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների հիգիենիկ և հակահամաճարակային հարցերով  պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները և միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Ռոստրապովիչ-Վիշնևսկայա հիմնադրամ) ներկայացուցիչները:   
Հանդիպման նպատակը եղել է կլոր սեղանի շուրջ քննարկել մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակը և  բռնկումներին հակազդման միջոցառումները, ինչպես նաև հետագա անելիքները: Խորհրդակցությունը վարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրենը, ում կողմից բարձր գնահատական է տրվել կարմրուկի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության նվաճումները և առաջարկվել ուսումնասիրել մեր երկրի փորձը և օգտագործել քաղված դասերը՝ բռնկումների տեղայնացման և կանխարգելման նպատակով:   Ինչ վերաբերում է մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակին, ապա ըստ ՀՀ ԱՆ-ի Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռևս շարունակվում են գրանցվել դեպքեր: 
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Գրանցված դեպքերից 483-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Մահվան ելքով գրանցվել է 2 դեպք (11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ): Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում (1927 դեպք, որից հոսպիտալացված 557-ը, լաբորատոր հաստատված 198-ը):




Լրահոս