«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, ու մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Ես սպասում եմ իր պատասխանին, թող ասի»:
Դատախազության մերժման հիմքում կրկին Արամ Սարգսյանի խոսքերն են, որոնք արդեն հնչել են մարտի 5-ին տված հարցազրույցում: «Ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը: Ես ասել եմ, որ ինքն էլ այն կարծիքին չէ, որ հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ: Եթե որեւէ մեկը իմանար եւ դրա մասին ինձ ասեր, ես նրա կոկորդը բաց չէի թողնի, որպեսզի այդ մասին բարձրաձայնվեր»: Այսպիսով, թեման փակվեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: