Ինչո՞ւ է Լևոն Մկրտչյանը գաղտնի պահում իրեն պատկանող բաժնեմասերի ընկերությունների անունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարագիրը: Ըստ այդմ, վերջինս հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը անձամբ նախարարից հետաքրքրվեց, թե այդ բաժնեմասերը ո՞ր ընկերություններում են: Հարցին ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց. «Ես մոտ 8 տարի պետական պաշտոնյա չեմ եղել, եւ այդ գումարները ԼՂՀ-ում ազատագրված տարածքներում 2 հիդրոէլեկտրոկայանների կառուցման ծրագրերն են: Մի տեղում ունեմ 5, մյուսում՝ 10 տոկոս մասնաբաժին: Ինքս բիզնեսմեն չեմ: Կան եւ սփյուռքահայ ներդրողներ եւ ՀՀ-ից: Մենք Լաչինի շրջանում կառուցել ենք հիդրոկայանների կասկադ: Ես գտնում եմ, որ հայրենասիրությունը նաեւ շահույթ է բերում, եւ իմ ընտանեկան բարեկեցությունը այդտեղից է»:

Ի դեպ, նախարարն այդպես էլ չնշեց այն ընկերությունների անունները, որտեղ ինքը բաժնեմաս ունի: Ավելի ուշ փորձեցինք նրա մամլո քարտուղար Լուսինե Մարգարյանից պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերություններում նախարարն ունի բաժնեմաս, սակայն մամուլի քարտուղարը եւս ասաց, որ Լաչինի շրջանում է՝ առանց կոնկրետ անունը նշելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս