«Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ կատարվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ:
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց առաջնորդության մասին իր տեսակետները:
Քննարկման առանցքում էր նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում:
«Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Նա անդրադարձավ առաջնորդության հասնելու համար անհրաժեշտ ներուժի և շարժառիթների առկայությանը, դրանց ապահովման կարևորությանը: Առաջնորդությունն իր գնահատմամբ` ենթադրում է առաջին հերթին հսկայական պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր զգացում:
Նախարարը դպրոցի սաների առաջարկով կիսվեց նաև անձնական փորձով: Խոսեց բժշկության մեջ, բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում, վիրահատության ժամանակ առաջնորդելու կարողության մասին:
«Յուրաքանչյուր առաջնորդ մեծ ուժ է ստանում իր հայրենիքում»,- ընդգծեց նախարարը` կարևորելով հայրենիքի հետ մշտական կապը, տարբեր ոլորտների զարգացման ապահովումը:
Պատասխանելով դպրոցի սաների հարցերին` Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հանրային առողջությանը, առողջապահական մարտահրավերներին, դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակմանը, բուժաշխատողների պաշտպանվածության հարցին, ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:
Ամփոփելով հանդիպումը` նա հորդորեց երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին, և հիշել որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում: